Գլխավոր էջ | Հայաստան | Ժամացույցս իր թևին էր, որ ես վստահեմ իրեն․ Վազգեն Սիսլյանը՝ Պատրիկ Դևեջյանի հետ առաջին հանդիպման մասին

Ժամացույցս իր թևին էր, որ ես վստահեմ իրեն․ Վազգեն Սիսլյանը՝ Պատրիկ Դևեջյանի հետ առաջին հանդիպման մասին

By
Ժամացույցս իր թևին էր, որ ես վստահեմ իրեն․ Վազգեն Սիսլյանը՝ Պատրիկ Դևեջյանի հետ առաջին հանդիպման մասին

Այսօր մահացել է ֆրանսահայ գործիչ, Ֆրանսիայի  Օ-դը-Սեն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը, որը նաև եղել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) 1981 թվականին կազմակերպած «Վան» գործողության մասնակիցների դատապաշտպաններից մեկը։

1981 թ. սեպտեմբերի 24, Փարիզ, Հոսման պողոտա թիվ 170 այս գործողությանը մասնակցում էր չորս հայ երիտասարդ` Վազգեն Սիսլյանը, Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանն ու Գևորգ Կյուզելյանը: Նրանք գրոհեցին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանը եւ գրավելով այն մոտ վաթսուն մարդու պատանդ վերցրին:

Դատավարությունը տեղի ունեցավ 1984 թ. հունվարին՝ Փարիզում, մարտիկները դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման:

«Ա1+»-ը զրուցել է ՀԱՀԳԲ անդամ, «Վան» գործողության մասնակից, ռազմական, հասարակական գործիչ Վազգեն Սիսլյանի հետ։ Վերջինս «Վան» գործողության խմբի ղեկավարն էր, փոխհրաձգության ժամանակ ծանր վիրավորվել էր, և որոշ ժամանակ անց տեղափոխվել հիվանդանոց։

«Ես Դևեջյանին վերջին անգամ հանդիպել եմ 2018-ին, Ֆրանկոֆոնիայի ժամանակ։ Այդքան տարիներ հետո, դատավարությունից հետո առաջին հանդիպումն էր, և վերջինը եղավ»,- մեզ հետ զրույցում ասաց Սիսլյանը։

Վերջինս նշեց, որ իր ընկերների, ՀԱՀԳԲ-ի կողմից ընտանիքից ցավակցություն արդեն հղել են։

ԱՍԱԼԱ-ի մարտիկի խոսքերով՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Դևեջյանի հետ հանդիպումը շատ ջերմ է եղել «Այդքան տարիներ հետո մտածում էի, թե իրեն տեսնեմ՝ ինչ կլինի, ինչպես կդիմավորի վերջապես։ Ու պարզվեց, որ իր հետ եկած ամբողջ պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի ամբողջ շաբաթը մեր մասին է խոսել, մեր դատավարության մասին է խոսել»։

Ֆրանկֆոնիայի շրջանակներում Դևեջյանի հետ հանդիպմանը Սիսլյանն ընտանիքի (կնոջ, դստեր) հետ է եղել «Նստած էին ֆրանսիացիները, ֆրանսահայերը մի քանի հոգի և այլն, մի 20 հոգի մարդ, արդեն ասում էին՝ «մի շաբաթ է՝ Դևեջյանը մենակ ձեր, «Վան» գործողության մասին է խոսում»։ Պատահական ստացվեց հանդիպումը, ընկերոջ միջոցով, ասաց, որ Դևեջյանը Երևանում է»։

Դատավարության մասին, ըստ Սիսլյանի, ինքն արդեն խոսելու կարիք չի ունեցել, որովհետև Դևեջյանը բավականին մանրամասնորեն ներկայացրած է եղել։

«Ես տեսա, որ նա այն նույն մարդն է, որ կար։ Առաջին անգամ իրեն հիվանդանոցում էի տեսել, 1981 թվականի գործողությունից հետո կոմայից, որ նոր դուրս էի եկել։ Ինքն էր նստած դեմս։ Սեպտեմբերի 30-ին կամ հոկտեմբերի 1-ին, չեմ հիշում ճշգրիտ օրը, այդ օրերին էր։ Ժամացույցս իր թևին էր, որ ես վստահեմ իրեն, որ այդպես կարողանանք խոսել և այլն»,- շարունակեց «Վան» գործողության մասնակիցը։

Հարցին, թե արդյո՞ք իրենք են դիմել Դևեջյանին իրենց պաշտպանությունը ստանձնելու համար, հասարակական գործիչը պատասխանեց, որ նա անձամբ էր եկել ու առաջարկել. նա առաջիններից էր և նրա նման ևս երեք-չորս հայեր էլ կային Րաֆֆի Փեշտիմաջյան, Էմիլ Ասլանյան և այլք։

«Բայց ամենաակտիվներից և առաջիններից մեկն ինքն էր, որին վստահվել էր իմ ժամացույցը, որ թողել էին դրսում մինչև գործողությունը։ Այսինքն՝ դրանով պետք է մարդկանց վստահեի, որ «մերն է»։ Ու ձեռքը դրած եկավ հիվանդանոց, պարզ է, որ ոստիկաններն այդ ժամանակ չէին էլ իմանում, որ դա իմ ժամացույցն է։ Որ կարողանայինք հանգստ խոսել, ժամացույցը վստահության նշանն էր»,- մանրամասնեց հասարակական գործիչը։

Իսկ, թե ինչպես էր վերաբերում Դևեջյանը «Վան» գործողությանը՝ Սիսլյանը պատասխանեց, որ նա 100 տոկոսով իրենց հետ էր «Մերոնքական էր, մեր 5-րդ ընկերն էր արդեն, այդ աստիճանի էր։ Ոչ մի ձևի չէր հակառակվում՝ «Ինչ արեցիք, լավ արեցիք, ինչպես արեցիք, լավ արեցիք»»։

Սիսլյանն ասաց՝ երբ որ դատարանում Դևեջյանը և մյուս փաստաբանները ստիպեցին, որ «տեռորիստ» բառը գործողության մասնակիցների մասին չարտահայտվի, հաղթանակ էր արդեն։ «Ինքը պայքարում էր, իր խելքով էր պայքարում։ Մեր զենքը պայթուցիկ նյութերը, ռումբերը, զենքն էին, իր զենքն իր ուղեղն էր, որն օգտագործում էր հայի, Հայ դատի համար։ Մեր գործողությունն իր համար առիթ էր, որ արտահայտվի և կարողանա պայքարել»,- շեշտեց ռազմական գործիչը։

Հարցին՝ կորոնվիրուսային հիվանդացությամբ պայմանավորված, որ Դևեջյանը հիվանդանոցում էր հայտնվել, այդ ընթացքում կապի մեջ եղե՞լ են, Սիսլյանը պատասխանեց, որ հեռախոսով ընդհանրապես չի խոսել հետը։

«Էս վերջին ժամանակներում էր, որ «Վան» գործողության հետ կապված իր մոտի արխիվները մեր ընկերներին տվեց, (ես էի իրեն ասել)։ Դրամատիկական թատրոնում «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը կար՝ «Վան» գործողությանը նվիրված, շատ էինք ուզում, որ Հայաստան գալու լիներ, օր նշանակեինք, որ ինքն էլ ներկա լիներ, քանի որ այնտեղ իր անունն է լավ մեծարվում որպես իրավաբանի։ Ափսոս, որ ներկայացումը չտեսավ, իր անունը հաճախակի հիշատակվում էր «Վան» գործության հետ միասին։ Իր դերն էլ կատարողը դերասան Արթուր Ութմազյանն էր։ Հանդիպումից մեկ բան էր հստակ, որ միշտ առաջին դիրքերում ենք, միշտ խրամատում ենք։

 

Դժբախտաբար, այս տարի պետք է Ֆրանսիա պետք է այցելեի, և իր հետ հանդիպում պետք է ունենայինք, էդ էլ չեղավ։ Արդեն պայմանավորվել էինք»,- եզրափակեց Վազգեն Սիսլյանը։  

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0