Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Իրանում մարդիկ համակերպվել են ապրել վիրուսի հետ. վարակվածների թվերը աճում են

Իրանում մարդիկ համակերպվել են ապրել վիրուսի հետ. վարակվածների թվերը աճում են

By
Իրանում մարդիկ համակերպվել են ապրել վիրուսի հետ. վարակվածների թվերը աճում են

Իրանում կորոնավիրուսի տարածման տեմպերը գնալով կրկին մեծանում են։ Հունիսի 3-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2886 դեպք։ Ըստ այդմ՝ գրանցվել է մահվան նոր՝ 63 դեպք, ընդհանուր՝ 8134։

Ապաքինվել է 129.741 մարդ։ 2573 մարդ գտնվում է ծանր վիճակում։ Իրանում փետրվարի 19-ից սկսած գրանցվել է կորոնավիրուսի 167.155 դեպք։ Մինչ այս պահը թեստավորվել է 1.040.134 մարդ։  Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

«Արաքս» թերթի գլխավոր խմբագիրը մեզ փոխանցեց Իրանում տիրող իրավիճակը։ Վաղվանից ամբողջ երկիրը սկսում է վերաբացվել, տնտեսությունը՝ աշխատել։ Քեշիշյանի խոսքով՝ Իրանում որոշ չափով կարողացել էին վերահսկել իրավիճակը, սակայն արձակուրդներից ու տոն օրերից հետո, երբ վերաբացվեցին աղոթատները, աշխատատեղերը, կորոնավիրուսով վարակվածների թվերը սկսեցին աճել։ «Երկրի  հարավային շրջանում կարմիր գոտի է հայտարարված։ Վաղվանից աշխատանքները գրեթե լրիվ բացվում են, աշխատանքային օր է մեզ համար»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Իրանում հասարակական տրանսպորտն աշխատում է, դիմակ կրելը պարտադիր է միայն մետրոյում ու հասարակական տրանսպորտում՝ նշեց Քեշիշյանը։ Վերջինս, սակայն, կողմ է, որ բոլոր հանրային փակ տարածքներում դիմակ կրելը  պարտադիր լինի. «Ուզենք թե չուզենք, այդ հիվանդության տարածումը մեծանում է»։ «Արաքս» թերթի գլխավոր խմբագիրը նշեց, որ մարդիկ համակերպվել են ապրել վիրուսի հետ, մինչև լուծում գտնվի։

Ինչպես ամեն տեղ, Իրանում ևս մարդկանց մի մասը չի պահպանում համաճարակային կանոնները։ «Այդ բարդությունը կա ամեն տեղ։ Հույս ունենք, որ ժողովուրդը դա կդարձնի մշակույթ՝ իր առողջության, երկրի առողջության, մոլորակի առողջության համար։ Յուրաքանչյուր օր ժամը 2-ից հետո հաղորդվում են թարմ տվյալներ։ Հիվանդանոցները ամբողջ երկրի մասշտաբով ծառայություններ մատուցում են»,-  հաղորդեց Թեհրանի հայկական թերթի խմբագիրը։

Խոսելով հայ համայնքի վիճակի մասին՝ Մովսես Քեշիշյանն ասաց՝ համայնքի վիճակը չի կարող շատ տարբերվել երկրի վիճակից։ «Ունենք համայնքային կառույցներ, որոնք որոշակի ծառայություններ տալիս են՝ փոքր կապոցներ չքավոր ընտանիքներին։  Չէի ասի՝ շատ մեծ բան է, բայց օգնում է այդ ընտանիքներին։ Ազգային բուժարանը ևս օգնություն ցուցաբերում է, հետևում են իրավիճակին։ Թեժ գիծ կա, որով մարդիկ կարող են տարբեր հարցերով զանգահարել»,- ընդգծեց Քեշիշյանը։

Երկրում դպրոցները, մանկապարտեզները չեն աշխատում, այդ առումով դժվարություն չկա՝ ասաց մեր զրուցակիցը։ «Եկեղեցիները բաց են, արարողություններ կատարվում են։ Բարեբախտաբար, հաղորդություն չի տրվում դեռ։ Հանդեսներ, հարսանյաց արարողություններ լինում են եկեղեցիով, սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ՝ առավելագույնը 15 հոգանոց խմբով։ Համալսարանների քննությունները անցնում են առցանց տարբերակով»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը Թեհրանից։

Խոսելով թերթի աշխատանքների մասին՝ խմբագիրը նշեց՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված  այս իրավիճակը, բացի բացասականից, նաև դրական կողմեր ունեցավ թերթերի, մամուլի համար։ «Մարդիկ կարողացան ինտերնետի միջոցով ավելի շատ շփվել մամուլի հետ։ Նոր պայմանների, նոր կյանքի ձևի ենք մոտենում։ Ընթերցողն ամենօրյա ու ամեն րոպե կապ է հաստատում մամուլի հետ ու տեղեկանում աշխարհում և իրենց շուրջը կատարվող անցուդարձին։ Այդ առումով դա շատ դրական էր»,-  ասաց Քեշիշյանը։

Հեղինակ՝ Քրիստինա Աղալարյան

 

 

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0