Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Ինչու՞ ՀՅԴ-ն չի դատապարտում իր անդամի հնչեցրած սպառնալիքը

Ինչու՞ ՀՅԴ-ն չի դատապարտում իր անդամի հնչեցրած սպառնալիքը

By
Ինչու՞ ՀՅԴ-ն չի դատապարտում իր անդամի հնչեցրած սպառնալիքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը։

 

 – Պարոն Քեշիշյան, ինչ է տեղի ունենում իրանահայ համայնքի շուրջ, ի՞նչ բախումներ են։

- Ինչպես հրապարակվել է մամուլում, վերջերս ՀՅԴ-ական Վահիկ Քեշիշյանը համացանցում ներբեռնել է տեսանյութ, որում ազդարարում է գլխատել իրանահայ մի հայտնի գործարարի: Իհարկե, բարեբախտաբար, ֆիզիկական բախումներ տեղի չեն ունեցել: Այստեղ ավելի շուտ քաղաքական շահերի և առճակատումների հարց է:

– Որքանո՞վ սա կուսակցական բախում կարող ենք դիտարկել՝ հաշվի առնելով, որ Վահիկ Քեշիշյանը դաշնակցական է։

- Սփյուռքի հայկական համայնքները, որքանով էլ ունեն առանձնահատկություններ, ունեն նաև նմանություններ: Բրտությունն ու ահաբեկչությունը քաղաքական հարցեր լուծելու միջոց ընտրելու երևույթը ժողովրդից կտրված խմբերի հատկություն է և, միանշանակ, դատապարտելի: Եթե Օսմանյան կամ Ցարական կայսրություններում Դաշնակցության կողմից կիրառված ահաբեկչության նկատմամբ կարելի է նկատել տարբեր տեսակետներ, ներհայկական քաղաքական կյանքում ահաբեկչությունն ու եղբայրասպանությունը միանշանակ դատապարտելի են եղել հայության մեծամասնության կողմից: Սփյուռքում՝ անցյալ դարի 40-ական թվականներին Հունաստանում, 50-ականներին՝ Լիբանանում, 80-ականներին՝ Իրանում, այնուհետև 90-ականներին Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչությունը ՀՅԴ-ի կողմից կիրառվել է որպես իր հակառակորդներին չեզոքացնելու միջոց:

Անկախ Հայաստանում և ընդհանրապես ժողովրդավարական պայմաններում ահաբեկչությունը ոչ այլ ինչ է, բացի սեփական ժողովրդի հավաքական ուժի և կամարտահայտության նկատմամբ հավատքի բացակայությունից, սեփական ժողովրդին անտեսելով՝ խմբակային որոշումով ու շահով առաջնորդվելու դատապարտելի երևույթ:

Տարիների ընթացքում նման գործելաոճը հասունացնում է ազգից առանձնանալու մտայնություն և վարքագիծ: Ստեղծվում են կուսակցական եկեղեցի, դպրոց, կուսակցական պատմության հորինված դասագրքեր, նույնիսկ կուսակցական սպորտի խմբեր, ինչը զավեշտալիորեն Սփյուռքից ներմուծվել է նաև Հայաստան՝ շրջանցելով և անտեսելով պետական ինստիտուտը: Սակայն ուրախալի է, որ վերջերս ՀՅԴ-ի մեջ և շուրջ ձևավորվում են նման հայացքներին ընդդիմացողներ, որոնք, պահելով իրենց հայացքները, հարցերին մոտենում են առողջ, կառուցողական և քաղաքակիրթ, ինչը բախվում է ՀՅԴ-ի հայաստանյան վերնախավի պատժամիջոցներին, կուսակցությունից հեռացումներին, երբեմն հաշվեհարդարներին:

Դաշնակցական Վահիկ Քեշիշյանի երևույթը ունի նաև երկու առանձնահատկություն: Դա Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների շարունակությունն է և ոչ թե զուտ համայնքային երևույթ: Սպառնացողը իր զոհին մեղադրում է նրանում, որ շարունակում է (ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնության կողմից ընտրված) «պառակտիչ» վարչապետի գործը, և երկրորդ, ՀՅԴ-ն մինչ օրս համառորեն խուսափում է դատապարտել կատարվածը, ինչը նշանակում է համամատություն և քաջալերում: ՀՅԴ-ի ղեկավարները, թեև բանավոր առանձին զրույցներում արտահայտում են ամոքող խոսքեր, սակայն շարունակում եմ հանցակից լռությունը:

– Տեղի ունեցած սպառնալիքները որքանո՞վ են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, հատկապես որ տեղի ունեցածին արձագանքել է նաև մամուլը։

- Սպառնալիքի ենթակա անձը, ինչպես ինքն է հայտարարել, արել է անհրաժեշտ իրավական և այլ քայլեր, սակայն, ըստ նրա, միջամտություններից հետո հարցը առայժմ սառեցված է:

 

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0