Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Վախճանվել է Աստղիկ Բաբայանը

Վախճանվել է Աստղիկ Բաբայանը

By
Վախճանվել է Աստղիկ Բաբայանը

Այսօր՝ հուլիսի 20-ին, կեսօրվա ժամը 2-ին, կարճատև հիվանդությունից հետո, վախճանվեց իրանահայ վաստակավոր տեսուչ, ուսուցիչ, գրող, բանաստեղծ, ՀԲԸՄ-ի Իրանի մասնաճյուղի և նույն միության կանանանց բաժանմունքի տարիների նախագահ՝ Աստղիկ Բաբայանը:

Վաղը՝  հուլիսի 21-ին, առավոտյան ժամը 10:30-ին, Թեհրանի հայոց հանգստարանում, հողին է հանձվելու հանգուզյալի դին:

Աստղիկ Բաբայան-Կարապետյանը ծնվել է 1936թ. Իրանի Արաք քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Թեհրանի հայոց «Դանայի», «Մանկական պալատ» և «Մարիամյան» դպրոցներում: Ապա բարձրագույն ուսումը ստացել է Բեյրութի «Հայկազյան» կոլեջում:

Վերադառնալով Թեհրան զբաղվել է ուսուցչությամբ, միևնույն ժամանակ ընդունվել է Թեհրանի պետական համալսարանի Անգլերեն լեզվի և գրականության ֆակուլտետը, որն ավարտելուց հետո նույն ճյուղում ստացել է մագիստրատուրան:

1969-1982 թթ. ստանձնել է Թեհրանի հայոց «Թովմասյան» միջնակարգ, երկսեռ դպրոցի տեսչությունը:

1969 թվականից անդամակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը: 1997 թ.-ից ղեկավարել միության Կանանց բաժանմունքը, իսկ 2009 թվականից վարել է նույն միության նախագահությունը:

1973թ. ամուսնացել է Սարգիս Կարապետյանի հետ, բախտավորվել երկու աղջիկներով:

Ա. Բաբայանը դեռ պատանի հասակից սկսել է գրել, որոնցից մի փունջը հրատարակվել է Բեյրութի «Նաւասարդ» գրական ամսագրում: Իսկ ավելի ուշ՝ նրա բանաստեղծությունները իրենց ուրույն տեղն են գտել Իրանահայ գրական շրջանակի «Հանդիպում» պարբերագրքերում:

Նրա առաջին գիրքը՝ «Իրական դեպքեր»-ը, լույս է տեսել 2001թ.-ին, Թեհրանում, որին եկել են լրացնելու՝ «Ժամանակը սահում է և...», «Ներքին ձայնը, որ...», «Ակրոստիքոսներ» (4 հատորով), «Արծաթե գոտու հետքերով», «Գրքերի որբանոցը», «Հոգու գեղեցկությունը», ու մեծ թվով ձեռագրեր որ չհասցրեց հրատարակել...

Նրա գրքերի շնորհանդեսը, որ 2011թ. հոկտեմբերի 28-ին կազմակերպվել էր ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի, ՀԲԸՄ-ի և «Արաքս» շաբաթաթերթի համատեղ ջանքերով վերածվեց ժողովրդական մեծարման...

Ա. Բաբայանի մահվան տխուր առիթով ցավակցում ենք հանգուցյալի դստրերին, նրանց ամուսիններին և զավակներին, ու նաև բոլոր այն սերունդներին, ում դաստիարակեց Աստղիկ Բաբայանը:

Հողը թեթև լինի...


 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0