Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Պանթուրքիստները չարաշահել են Իրանում ՀՀ դեսպանի անխոհեմ քայլը

Պանթուրքիստները չարաշահել են Իրանում ՀՀ դեսպանի անխոհեմ քայլը

By
Պանթուրքիստները չարաշահել են Իրանում ՀՀ դեսպանի անխոհեմ քայլը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իրանի «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը:


– Ադրբեջանամետ խմբերը չարաշահման առարկա են դարձրել Իրանում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Արտաշես Թումանյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանի հանդիպումը: Ի՞նչ է պատահել:

– Այդ խմբերը հասկանալիորեն պատրաստ և ունակ են, որ հայկական կողմի ամենափոքր սխալը, նույնիսկ ճիշտը ծուռ հայելու մեջ ներկայացնելով, վնասել ՀՀ պետականությունը, հայկական համայնքին և Հայաստանի միջպետական հարաբերությունները: Դա ո՛չ նորություն է և ո՛չ զարմանալի: Այդ խմբերի մի մասը ուղղորդվում են Բաքվի, մյուսը՝ Անկարայի կողմից: Նրանք, գրեթե բոլորը, որքան որ հակահայկական են, նույնքան էլ հակաիրանական բացահայտ կողմնորոշում ունեն:

– Ի՞նչն է շահարկման առարկա դարձել:

– Ինչպես գիտեք, հայկական դիվանագիտական ներկայացուցչությունները, միջպետական իրենց պարտականությունների կողքին, շփումներ են ունենում նաև Սփյուռքի համայնքների տարբեր՝ հասարակական, քաղաքական, բարեսիրական, մշակութային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչը բնական է: Իրանի հայկական համայնքը ունի յուրովի առանձնահատկություններ: Այստեղ Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի առաջնորդարանները իրենց ընտրված պատգամավորներով ունեն օրենքով սահմանված իրավունքներ և լիազորություններ: Լիազոր և արտակարգ դեսպան պրն Արտաշես Թումանյանը հուլիսի 22-ին Առաջնորդարանում հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի հետ, սակայն ի զարմանս բոլորի, համայնքի ընտրյալ ներկայացուցիչների՝ Իրանի խորհրդարանի հայ պատգամավորների, Պատգամավորական ժողովի կամ Թեմական խորհրդի ներկայացուցիչների փոխարեն, հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ ներկայացուցիչը, ով չունի ոչ մի համայնքային ներկայացուցչական հանգամանք և ընդամենը ներկայացնում է իր կուսակցությունը: Դեսպանը այդ հանդիպման լուրը երեք լեզուներով՝ հայերեն, պարսկերեն և անգլերեն, հրապարակայնացրել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում և թելեգրամյան ալիքում, ուր նշվել է, որ «հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան համազգային և համայնքային, ինչպես նաև հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի»:

Այդ մասին իմանալով՝ մենք անմիջապես կապվեցինք պրն դեսպանի հետ, բացատրեցինք հարցի լրջությունը և այն, որ նման սխալ ձևաչափով հանդիպումն ու նրա վերաբերյալ հրապարակված լրատվությունը քաջալերելու է ՀՅԴ ծայրահեղականներին ու մանավանդ շահարկման առիթ է տալու մեր հակառակորդներին, սակայն, ցավ ի սիրտ, պրն Թումանյանը չընկալեց կամ չուզեց ընկալել մեր հանգամանալից բացատրությունը և հարցի լրջությունը: Ուստի նույն օրը մենք հարցը նաև պաշտոնական գրությամբ հանձնեցինք նրա ուշադրությանը և խնդրեցինք այդ լուրը հեռացնել դեսպանատան կայքերից, սակայն անօգուտ:

– Փաստորեն շահարկվել է այն, որ առաջնորդարանի տարածքում, թեմի առաջնորդի կողքին ՀՅԴ անդամի ներկայությո՞ւնն է եղել, որը չունի ոչ մի ներկայացուցչական հանգամանք, և չեն հրավիրել համայնքի այլ կազմակերպությունների ներկայացուցիչների:

– Գիտեք, հարցը այդքան էլ պարզունակ չէ: ՀՅԴ-ն Իրանում պաշտոնապես գոյություն չունի, գրանցված և օրինական կուսակցություն չէ: Դրա պատճառները գալիս են հնից և հասնում են դեռ մինչև 1979 թ.-ի Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ այդ կուսակցության գործունեությունը, որին անդրադառնալու տեղը չէ այստեղ։ Իրանի քաղաքական և մտավորական շրջանակները այդ բոլորի մասին գիտեն, և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների կողմից նման իրողություններն ու նրբությունները հաշվի չառնելը կարող է լրջորեն վնասել ՀՀ պետական շահը և դիվանագիտական ներկայացուցչության հանգամանքը։

– Փաստորեն այդ հանդիպումով, բացի այն, որ խախտվել է ձևաչափ, անտեսվել են նաև համայնքի այլ կազմակերպություննե՞ր:

– Երևույթը առանձին քննարկելը թերևս այնքան էլ արդյունավետ չլինի: Անցնող երկու և ավելի տարիների ընթացքում մենք ականատես ենք դառնում դեսպանների կամ դիվանագետների՝ իրենց կոչումին անհարիր պահվածքների: Ինչպես մի քանի առիթով պարոն վարչապետը հայտարարել է, երկրի բազմաթիվ դեսպանները նշանակվել են այլ հաշվարկներով մեկնած և ոլորտի հետ կապ չունեցող անձերից, ովքեր ունակ են վնասել ոչ միայն ՀՀ-Սփյուռք, այլ նաև միջպետական հարաբերությունները, և այստեղ խոսքը պարոն Թումանյանի մասին չէ:

Մենք Սփյուռքում, իհարկե, համբերատար ենք: Գիտենք, որ երկու-երեք տասնամյակի քանդումը մի օրով անհնար է վերականգնել: Սակայն, հարգելով որոշ բացառություններ, պետք է ասել, որ ՀՀ դեսպանների շնորհիվ «Նոր Հայաստանը» Սփյուռքի համար շոշափելի գոյություն չէ, առցանց և վերացական է, դեսպանատները սփյուռքահայերի համար շարունակում են մնալ նույնը, ինչ որ էին նախկինում և, մեղմ ասած, հայի հարազատ օջախը չեն։

– Եթե ճիշտ ենք հիշում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թ.-ին Իրան կատարած այցի ընթացքում ևս համայնքի հետ հանդիպմանը պատահել էր ինչ-որ պրոտոկոլի խախտում:

– Վարչապետի այդ այցը, մեր գնահատմամբ, որքան որ արդյունավետ և գերազանց էր կազմակերպվել միջպետական առումով, համայնքային առումով դեսպանությունը ամեն ինչ հանձնել էր ՀՅԴ-ի անբարեխիղճ խղճին, քմահաճույքին: Մեր բոլոր հարցադրումներին, թե ինչո՞ւ է նման քայլ արվել, ՀՀ դեսպանատան բոլոր պաշտոնյաները՝ վերից վար, խուսափեցին պատասխանատվություն ստանձնելուց՝ ամեն մարդ անտեղյակ ձևանալով: Արդյունքում վարչապետի հետ հանդիպմանը բացակա էր իրանահայությունը, նույնիսկ չէին հրավիրվել բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ, և այդպես բեմականացվել էր վարչապետին ճնշելու մթնոլորտ՝ պարզելով անպատասխանատու և շահարկման ենթակա պաստառներ, ինչը բացահայտ պրովոկացիա էր:

Դժբախտաբար, արտերկրում շարունակում են պաշտոնավարել դեսպաններ, դիվանագետներ, ովքեր այլևայլ հաշիվներով մեկնած՝ պայքարել և մինչ այսօր թշնամաբար են վերաբերվում թավշյա հեղափոխությանը և համաժողովրդական շարժմանը զորակցած կազմակերպություններին և նույնիսկ անհատներին: Հայաստանին զորակցող իրանահայ գործարարի նկատմամբ ՀՅԴ-ի շարքայինի մահվան սպառնալիքից հետո ՀՀ դեսպանի հանդիպումը ՀՅԴ-ի հետ այլ բան չէ, եթե ոչ ՀՅԴ-ին իր ծայրահեղություններում քաջալերել: Հուսանք, որ այս հարցը լրջորեն կընկալվի ՀՀ իշխանությունների կողմից, և ԱԳՆ-ն այսքան հապաղումից հետո, արդարացումներ փնտրելու փոխարեն, կկատարի անհրաժեշտ հետևություններ, որից կշահի հայությունը՝ ՀՀ-Սփյուռք կապերը առողջացնելով և ամրապնդելով։

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

5.00