Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Մինչև վերջին կոպեկը գողացան ու փախան երկրից. Փաշինյանը հեղափոխական օրենքով պետք է դռները բացեր ու այնտեղ լցներ բոլոր հանցագործներին

Մինչև վերջին կոպեկը գողացան ու փախան երկրից. Փաշինյանը հեղափոխական օրենքով պետք է դռները բացեր ու այնտեղ լցներ բոլոր հանցագործներին

By
Մինչև վերջին կոպեկը գողացան ու փախան երկրից. Փաշինյանը հեղափոխական օրենքով պետք է դռները բացեր ու այնտեղ լցներ բոլոր հանցագործներին

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, Հայաստանում հետաքրքիր ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում։ Նախկին համակարգին հարող շատ ուժեր հակահեղափոխություն իրականացնելու փորձեր են նորից կատարում։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

– Ես չեմ կարծում, թե կա հակահեղափոխության վտանգ։ Ժողովուրդը կատարել է հեղափոխություն, և այդ հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ չի իրացրել։ Նա  մոռացել է ամեն ինչ, ստեղծել հարմարություններ իր շրջապատի համար։ Ստանում են պարգևավճարներ և դա հիմնավորում են նրանով, որ  գողություն չկատարեն։ Տարբեր ուղղություններով իր անգործությունը բացատրում են նրանով, թե՝ հների՞ն եք ուզում։ Ժողովուրդը հեղափոխությունն իրացնել է ուզում, և միևնույն ժամանակ երկիրը ղեկավարել ու առաջ գնալ է պետք։ Ես մանրամասների մեջ չեմ մտնում, բայց այսպես երկար շարունակվել չի կարող։ Այնքան վատ օրի ենք  հասել, որ այդ մասին սկսել են խոսել քրեաօլիգարխիկ ներկայացուցիչները։ Շատ վատ է, որ երկրի վատ վիճակի մասին Ծառուկյանն է խոսում, մարդ, ում նախկինում ասում էին, թե Սուլեյման բռնաբարն է, այս է, այն է։

Ի՞նչ պետք է աներ Նիկոլ Փաշինյանը. գնահատական տար այն ամենին, ինչ Հայաստանում տեղի ունեցավ նախկին 30 տարիների ընթացքում՝ սկսած 1990 թվականից մինչև 2018-ի ապրիլ-մայիս ամիսները։ Եթե նրանց գնահատականը տար, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեին երեք նախագահները միասին։ Չեմ ասում՝ նրանց անպայման բանտ նստեցնեին, բայց նրանց  կատարած բոլոր հանցագործությունները պետք է ջրի երես դուրս գային։ Երկիրն այնպիսի իրավիճակում է, որ շուրջ երեք տասնամյակի ընթացքում հայ մարդը լքել է հայրենիքը։ Նիկոլ Փաշինյանը պետք է սրան գնահատական տար ու գործի անցներ։ Ինքը միշտ հարցնում է՝ ի՞նչ օրենքով. հեղափոխական օրենքով։ Ժողովուրդն իրեն այդ մանդատը տվել է, բայց ինքն այդ մանդատն օգտագործեց միայն իր ու իր շրջապատի կարիքները հոգալու համար։ Տպավորություն է՝ մարդը երկու տասնամյակ սրա՞ համար էր պայքարում, որպեսզի Լենա Նազարյանը հայտարարի, որ իրենք ընտրյալ են ու պետք է ստանան 3-4 միլիոն պարգևավճար։ Այս աղքատության ֆոնի վրա ոչինչ չի փոխվում, թոշակառուն ստանում է 40 հազար դրամ, իրենք շուրջ 70-80 անգամ ավելի, հայրենադարձություն չի լինի…

– Դրական  փոփոխություններ չե՞ն եղել։

– Եղել են։ Երկրի առաջին դեմքն անձամբ չի թալանել, չի բաժանել ազդեցության ոլորտներն օլիգարխների միջև, ինչպես դա նախկինում էին անում։ Բայց դա հիմա երեսով է տալիս ու դրանով մատնանշում իր անգործությունը։ Մի՞թե բավարար է, որ երկրի ղեկավարը պարզապես գողություն չանի ու անընդհատ մատնանշի, թե մոռացե՞լ ես՝ հներն ինչ էին անում։ Մենք պարզապես ուզում ենք, որ վերացվեն այն բոլոր թերությունները, ինչի համար որ հեղափոխությունը կատարվել է։ Այո, ինչ-որ բան կատարվել է պաշտպանունակության բնագավառում, բայց բավարար չէ։ Զոմբիներն ասում են՝ ի՞նչ է , ուզում եք երեսուն տարվա քանդածը 2 տարում վերականգնվի՞։ Ո՛չ, չենք ուզում, բայց միևնույն ժամանակ՝ այո՛, ուզում ենք։ Ուզում ենք գոնե տեսնել, որ նոր իշխանությունները փորձում են քանդածը վերանորոգել, ոչ թե անգործության մատնվել։

– Երևի թե հենց այդ անգործությունը կամ որոշ դեպքերում դանդաղկոտությունն է հիմք տալիս, որ նախկիններն ակտիվանան։ ՀՀԿ-ն, օրինակ, հայտարարում է, որ նոր իշխանությունները բռնազավթել են երկիրը…

 

- Այո։ Հակահեղափոխություն հասկացություն չկա, թիվ մեկ հակահեղափոխականը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն է, որը չի աշխատում, որը երկիրը թողնում է այս վիճակի մեջ։ Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում իրենք անտրամաբանական են գործում։ Փաշինյանն ասում էր՝ հատ-հատ վերադարձնելու են բյուջե, բայց հակառակը՝ մինչև վերջին կտորը վերցրին ու փախան երկրից։ Ոչ միայն մկներն ու ձկները, այլև գայլերը, առյուծներն ու աղվեսները պլստացին ու փախան երկրից։ Ի՞նչ մնաց, ո՞վ մնաց, ո՞վ է հակահեղափոխականը։ Նիկոլ Փաշինյանը պետք է միանշանակ բանտի դռները բացեր, հաներ քաղբանտարկյալներին ու նույն ձևով  բացեր՝ հանցագործներին այնտեղ մտցներ։ Ի՞նչ օրենքով,  իսկ ինքն ի՞նչ ճանապարհով դարձավ վարչապետ՝ հեղափոխության օրենքով։ Հենց այդ նույն հեղափոխական օրենքներով էլ պետք է դատական  իշխանությունը փոխեր, որ այսօր այս իրավիճակը չլիներ։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0