Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Էրդողանը հատուկ կառույց է ստեղծել. հայկական հարցը քանդու՞մ է Թուրքիան

Էրդողանը հատուկ կառույց է ստեղծել. հայկական հարցը քանդու՞մ է Թուրքիան

By
Էրդողանը հատուկ կառույց է ստեղծել. հայկական հարցը քանդու՞մ է Թուրքիան

Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնությամբ կստեղծվի հայկական հարցի միջազգային շրջանառությանը հակազդման հատուկ կառույց: Ըստ տեղեկության, այդ որոշումը կայացվել է օրերս Բարձր խորհրդի նիստում, որում 5 ժամ քննարկվել է հայկական հարցին հակազդելու խնդիր: Քննարկումը նախագահել է Էրդողանը:

Այդ նիստը մեծ ուշադրության արժանացավ Հայաստանում, թեեւ այն ամենեւին առաջինը չէր: Ավելին, առաջին նիստը աչքի էր ընկել թերեւս շատ ավելի հատկանշական մի հանգամանքով: Այն տեղի էր ունեցել 2020 թվականի փետրվարին: Հատկանշականն այն էր, ինչ նիստից հետո Էրդողանի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել էր, թե ինչ հարց են քննարկել եւ նշել, թե «1915 թվականի իրադարձությունների հայկական գնահատականը» կարող է «պառակտել Թուրքիան»:

Դա հայտարարություն է այն մասին, որ հայկական հարցը Թուրքիայում ունի առնվազն այնպիսի ընկալում, որ դրա մասշտաբն ի վիճակի է պառակտել երկիրը: Այլ կերպ ասած, Էրդողանի աշխատակազմի պաշտոնյան հայտարարում էր, որ Թուրքիայի ճակատագիրը կախված է հայկական հարցից:

Եվ դա իհարկե ամենեւին չափազանցություն չէ, որովհետեւ դրա իրավա-քաղաքական եւ պատմա-քաղաքակրթական համատեքստն այնպիսին է, որ Անկարան այդ հարցն ի զորու չէ լուծել զինված ուժով, ինչպես փորձում է լուծել այլ հարեւանների եւ ռեգիոնների պարագայում: Բանն այն է, որ հայկական հարցի պարագայում Թուրքիան «պարպել» է զինված լուծման հնարավորությունը, այն ավարտվել է հայերի ցեղասպանությամբ, ինչը սակայն ոչ միայն լուծում չի եղել Անկարայի համար, այլ հակառակը, փաստորեն դարձել է «վառոդի տակառ»՝ հայկական իրավունքների վրա կանգնեցված թուրքական պետության համար:

Էրդողանի պաշտոնյան խոստովանում է այդ իրողությունն ու հայկական հարցում Թուրքիայի խորքային խոցելիությունը:

Այդ իմաստով, Թուրքիայի դեմ է սկսել գործել նաեւ միջազգային զարգացումների տրենդը: Անկարան այդ իմաստով ստացել է ցավագին ազդակներ 2019 թվականին, եբ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում ընդունվեցին հայկական բանաձեւերը, չնայած Անկարայի դիմադրության փորձին: Միաժամանակ, ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպություններից մեկը կոչ արեց ճանաչել հայերի ցեղասպանությունը: Կազմակերպություն, որը գտնվում է Էդողանի անձնական թշնամու՝ Ֆեթուլլահ Գյուլենի համակարգում:

Անկարայի համար խիստ աննպաստ է սկսել 2020 թվականը: Այն գործնականում սկսել ու ընթանում է Ռուսաստանի հետ անուղղակի ռազմական բախումներով: Ավելին, հենց Իդլիբի հարցում Մոսկվա մեկնելուց առաջ էր Էրդողանը անցկացրել հայկական հարցի վերաբերյալ Բարձր խորհրդի առաջին քննարկումը: Բանն այն է, որ հայկական հարցում Թուրքիայի ապավենը եղել է Ռուսաստանը, այդ պարտավորության ռուս-թուրքական մեկդարյա պայմանագրերով:

Սակայն Ռուսաստանը ներկայում զիջել է համաշխարհային երկրորդի դերը Չինաստանին: Պեկինը լուրջ դերակատարման է հավակնում Կովկասում, մասնավորապես Հայաստանի հետ գործակցությամբ: Կորոնավիրուսի դեմ պայքարի չինական աջակցությունը Արարատի վերաբերյալ մակագրությամբ էր, որը խոցել էր Անկարային:

Արտաքին ագրեսիայի վրա խաղադրույք կատարած Էրդողանն անշուշտ հասկանում է, որ բուն խնդիրն իհարկե ներսում է, կամ ավելի շուտ՝ խորքում: Կօգնի՞ նրան հատուկ կառույցը: Դա իհարկե կախված է լինելու Հայաստանից եւ հայությունից:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0