Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Իրանի պահանջը՝ մաս Բաքվից, կամ Նախիջեւանից. Նիկոլ Փաշինյանի զգուշացումն Ալիեւին

Իրանի պահանջը՝ մաս Բաքվից, կամ Նախիջեւանից. Նիկոլ Փաշինյանի զգուշացումն Ալիեւին

By
Իրանի պահանջը՝ մաս Բաքվից, կամ Նախիջեւանից. Նիկոլ Փաշինյանի զգուշացումն Ալիեւին

Թուրքիան հայտարարել է, որ Իրանից արձակված կրակոցից թուրք-իրանական սահմանին զոհվել է մեկ թուրք զինվոր: Նշվում է, որ զինվորները հետախուզական ու վերահսկողական գործողություն են իրականացրել սահմանամերձ լեռնապատ բնակավայրերից մեկում:

Հայտնի կդառնա՞ն առաջիկայում այլ մանրամասներ, եւ ինչպե՞ս կազդեն դրանք թուրք-իրանյան հարաբերության վրա: Արդյոք Անկարան գնում է սրացման նաեւ այդ ուղղությամբ: Օրերս Անկարա էր ժամանել Իրանի արտգործնախարար Զարիֆը, որն այնտեղից մեկնեց Մոսկվա: Իրանը քննարկել էր Աստանայի ձեւաչափում քննարկում կազմակերպելու հարցը: Ձեւաչափ, որի ճգնաժամը սկսվել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: Բանն այն է, որ ԱՄՆ կատարած գործողությունը Թեհրանին դրել է ռեգիոնալ բացառիկ իրավիճակում, փաստի առաջ դնելով Մոսկվային ու Անկարային:

Հատկանշական է, որ հենց դրանից հետո նրանք սկսեցին թեժ պայքար Իդլիբի համար: Հետո այն տեղափոխվեց Լիբիա: Եվ հատկանշական է, որ չկայացավ Լիբիայի հարցի առնչությամբ ռուս-թուրքական քննարկումը Անկարայում, ուր մեկնելու էին ՌԴ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները: Նախապես ազդարարված այցը չեղարկվեց, որից հետո էլ Անկարա եւ Մոսկվա մեկնեց Իրանի արտգործնախարարը:

Ըստ ամենայնի, Թեհրանը միջամտել է ռուս-թուրքական այդ գործընթացին եւ թելադրել որոշակի պայմաններ, որն առնվազն Անկարայի համար եղել է խնդիր: Հարցն այստեղ անշուշտ միայն Լիբիան կամ Սիրիան չէ: Խաղն այդ իմաստով ունեցել է եւ ունի առավել լայն նշանակություն: Եվ այդ տեսանկյունից Իրանը թե Ռուսաստանի, թե Թուրքիայի համար թերեւս բավականին անհաճո սուբյեկտ է բաքու-նախիջեւանյան իմաստով:

Ռուսաստանն ու Թուրքիան առերեսվել են աշխարհակարգային նոր միտումներին, որտեղ առանցքային որոշումները այլեւս երեւի թե գտնվում են ամերիկա-չինական տիրույթում: Աշխարհը խոշոր հաշվով նեղ է դարձել Մոսկվայի ու Անկարայի համար եւ դա արձանագրում են նաեւ մերձկրեմլյան փորձագետները: Նեղ է դառնում նաեւ Կովկասը, որի ռուս-թուրքական բաժանման ավանդական սխեման խափանվել է լրջորեն, առավելապես Հայաստանի շնորհիվ: Երեւանը հրաժարվում է Ռուսաստանի հետ ավանդական «վարչահրամայական» ենթակայության հարաբերությունից եւ դնում պետական, գործընկերային բնույթի հարց: Դա ներառում է նաեւ այն, որ Հայաստանը այլեւս թույլ չի տա Թուրքիայի հետ պայմանավորվել իր շահերի եւ անվտանգային անհրաժեշտությունների հաշվին:

Վրաստանը զբաղված է, մնում է Ադրբեջանը: Մոսկվան ու Անկարան ԱՄՆ «վերահսկողությամբ» տեւական ժամանակ է փորձում են բաժանել Ադրբեջանը, որտեղ կա թերեւս երկու առանցքային կետ՝ իշխանություն եւ Նախիջեւան: Մոսկվան ու Անկարան ըստ ամենայնի քննարկում են «փոխանակում»՝ Բաքվի իշխանության հարցը Մոսկվայի տիրույթում, Նախիջեւանը՝ Թուրքիային:

Այդ հարցերում Իրանն ունի իր լուրջ հավակնությունն ու դերակատարումը եւ ըստ ամենայնի խանգարում է թե Ռուսաստանին, թե Թուրքիային: Թեհրանն ըստ ամենայնի ակնկալում է կամ պահանջում իր բաժինը՝ կամ Բաքվի իշխանության մասից, կամ Նախիջեւանից:

 

Այդ ֆոնին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալիեւին առաջարկում է ելք՝ լինել ողջախոհ եւ բանակցել Հայաստանի ու Արցախի հետ առանց նախապայմանի խաղաղության ռեժիմի շուրջ, մոռանալով հայերից որեւէ բան ստանալու ակնկալիքն ու մտածողությունը, եւ մտածելով գոնե ունեցածը պահելու մասին: Նախիջեւանի մասին Հայաստանը կխոսի առանձին, բայց ոչ Ալիեւի հետ:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0