Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Մոտենում է Մոսկվայի ու Կարսի ապօրինի պայմանագրերի 100-ամյակը. Էրդողանը մտահոգ է

Մոտենում է Մոսկվայի ու Կարսի ապօրինի պայմանագրերի 100-ամյակը. Էրդողանը մտահոգ է

By
Մոտենում է Մոսկվայի ու Կարսի ապօրինի պայմանագրերի 100-ամյակը. Էրդողանը մտահոգ է

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

-Պարոն Գաբրիելյան, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայկական հարցի միջազգային շրջանառությանը հակազդման հատուկ կառույց է ստեղծում։ Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիան այս քայլով և ի՞նչ կարող է արձանագրել այդ կառույցը։

-Իմ կարծիքով՝ Էրդողանը գնալով ավելի է կոշտացնում Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդրի հանդեպ իր դիրքորոշումը, ինչի վկայությունն են թե՛ տվյալ հանդիպումը, թե՛ տվյալ թեմայով նրա արած վերջին սուր հայտարարությունները, որոնցում նա վիրավորում է հայերին։ Նախևառաջ Էրդողանը տեսավ, որ հայկական կողմին սիրաշահելով («ցավակցական» բնույթի և ոչ սուր հայտարարություններ անելով)՝ ոչնչի չհասավ, ոչ մի լուրջ արձագանք չստացավ մեզանից, ուստի որոշեց «պաշտպանական» մարտավարությունը փոխարինել «հարձակողականի»։ Հայկական կողմը, բնականաբար, տուրք չտվեց Էրդողանի հրամցրած խայծերին ու խաբքերին, որը որդեգրել էր ժխտողականության «փափուկ ձևաչափեր»։ Բացի այդ, Էրդողանը տեսնում է, որ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը շարունակում է դամոկլյան սրի նման կախված մնալ Թուրքիայի գլխին, որ աստիճանաբար այն ավելի ներքև է իջնում։ Նկատի ունեմ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ոչ միայն շարունակվում է աշխարհում, այլև ճանաչվում է շատ ավելի ազդեցիկ երկրների կողմից (ԱՄՆ, Գերմանիա), ինչը նոր գլխացավանքներ կարող է առաջացնել թուրքական կողմի համար։ Էրդողանը, թերևս, համարում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելով՝ այդպիսով միաժամանակ պայքարում է նաև Պոնտոսի հույների, ասորիների և Օսմանյան կայսրությունում այլ ժողովուրդների ցեղասպանության դեմ, Հայաստանն այս հարցում դիտարկում է որպես առաջամարտիկ և կարծում է, որ եթե կարողանա հաջողության հասնել այս հարցում, ապա մյուս ազգերը կվհատվեն և կթուլացնեն իրենց պայքարը կամ էլ ամբողջովին կհրաժարվեն դրանից։

Էրդողանն իհարկե չի մոռացել, որ մոտենում է Սևրի պայմանագրի, ինչպես նաև Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակը և մտավախություն ունի, որ հայկական կողմը կուժեղացնի լոբբիստական համապատասխան աշխատանքներն արտերկրում և միգուցե խնդիրը կբարձրացնի նաև պետական մակարդակով։ Թուրքիայում վաղուց գոյություն ունի «Սևրոֆոբիայի սինդրոմ», ինչն ընթացիկ տարում կուժգնանա և կմեծացնի թուրքական իշխանությունների ջղաձգումները։ Մոտենում է նաև 1921թ․ Մոսկվայի ու Կարսի ապօրինի պայմանագրերի ստորագրման 100-ամյակը, և Էրդողանը թերևս մտահոգ է, որ հայկական կողմն ի վերջո կարող է նախընտրել ընթանալ իրավական ճանապարհով, իրավական պահանջների թղթածրար պատրաստելու ճանապարհով։ Իսկ իրավական ճանապարհը մեր ամենաուժեղ, հետևաբար Թուրքիայի ամենաթույլ կողմն է։

Ելնելով այս ամենից՝ Էրդողանը ցանկանում է ունենալ նոր ռազմավարություն՝ այս բոլոր մարտահրավերներին դիմագրավելու համար, և ոչ միայն։ Բանն այն է, որ «համացանցային ժամանակաշրջանում» Թուրքիայի ավելի շատ քաղաքացիներ կարող են ծանոթանալ Հայոց ցեղասպանության եղելությանը և դեմ արտահայտվել այդ հարցում թուրքական պաշտոնական տեսակետին։ Այդ ամենին նպաստում են հենց թուրք հեղինակների և առաջին հերթին Թաներ Աքչամի գրքերը, բացահայտումները, որոնց թուրքական իշխանությունները, ըստ էության, ոչինչ չեն կարողանում հակադրել։ Եվ պատահական չէ, որ այս տարվա փետրվարին թուրքական իշխանությունները կարծիք հայտնեցին, որ Հայոց ցեղասպանության թեման կարող է պառակտում առաջացնել Թուրքիայում (կամ ավելի մեծացնել այն)։ Այնպես որ, ակնկալում ենք նեոօսմանիստ և իսլամիստ Էրդողանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի ուժգնացում, քանի որ այդ թեման, ի թիվս այլ բաների, «ստվեր է նետում» Թուրքիայի օսմանյան ու իսլամական անցյալի վրա, ինչն անընդունելի է իրեն սուլթան ու խալիֆ երևակայող Էրդողանի համար (դեռևս Դարֆուրի ցեղասպանության կապակցությամբ Էրդողանը հայտարարել է, թե «մուսուլմանն ի վիճակի չէ ցեղասպանության գործել»)։

-Պարոն Գաբրիելյան, վերջերս Jerusalem Post-ը, վկայակոչելով Nordic Monitor-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերին, գրեց, որ Թուրքիան Հայաստանի Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն ներխուժելու ծրագրեր է մշակել: Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ փաստաթղթից։

-Նման տեղեկատվություն եղավ նաև նախորդ տարեվերջին, Թուրքիայում համարում են, որ Nordic Monitor-ը գյուլենականներին մոտ կանգնած աղբյուր է, որը գաղտնի փաստաթղթեր հրապարակելով՝ ձգտում է վարկաբեկել Թուրքիայի ներկայիս իշխանություններին, բարդ դրության մեջ դնել նրանց և այլն։ Nordic Monitor-ն այլ կերպ կարող ենք որակել «Թուրքական Վիկիլիքս», որի դերում ավելի վաղ հանդես էր գալիս թուրքական «Թարաֆ» թերթը։ Նախկինում էլ ենք նշել, որ, ըստ էության, որևէ արտառոց բան չկա նրանում, որ Թուրքիայի նման երկիրը մշակել է հարևան երկրների նկատմամբ ռազմական գործողությունների պլան։ Մենք էլ միգուցե ունենք, ասենք, Արարատ լեռն ազատագրելու ռազմական պլան, բայց դա չի նշանակում, որ պլանը մշակելուց անմիջապես անց պետք է ձեռնամուխ լինենք դրա իրագործմանը։

Ինձ համար ուշագրավ էր թուրքական պլանի անունն ու ժամկետը՝ «Ալթայ» և 15․08․2000։ Այդ անունը լիովին տեղավորվում է Թուրքիայի պանթուրանական ձգտումներում, ուր Հայաստանը կոկորդին կանգնած ոսկորի դեր է որակվում։ Նույնը պետք է ասել «Օղուզթյուրք» անվանումը ստացած օդային հարձակողական պլանի մասին, որն էլ թվագրված է 2001թ․ հուլիսի 13-ին (ըստ նախորդ տարեվերջյան հրապարակման)։ «Ալթայ» պլանի ժամկետի ընտրությունն ինձ համար ուշագրավ է միանգամից մի քանի տեսանկյունից։ 1) 2000թ․ Հայաստանը թևակոխել էր «հետհոկտեմբերիքսանյոթյան» ժամանակաշրջան, կար ներքին լարվածություն և այլն։ 2) 2000թ․ առաջին անգամ Ռուսաստանի նախագահ էր ընտրվել Վլադիմիր Պուտինը, ով զբաղված էր երկրի ներսում իր դիրքերի ամրապնդմամբ, չեչենական խնդրի լուծմամբ, մեծ հաշվով չուներ մեծ հեղինակություն արտերկրում և այլն։ 3) 2000թ․ Թուրքիայի նախագահի պաշտոնը թողել էր բազմափորձ Սուլեյման Դեմիրելը, ով դրանից առաջ 7 անգամ դարձել էր Թուրքիայի վարչապետ։ Նկատենք, որ Արցախյան պատերազմի տարիներին ռազմատենչ տարրերը պահանջում էին ավելի գործուն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, գնալ Հայաստանի հետ ռազմական անմիջական պլանի, բայց ԱՄՆ նախագահից համապատասխան զգուշացում ստացած Դեմիրելը շարունակ նրանց հակադարձում էր, որ դա անհնար է։

2000թ․ Դեմիրելին Թուրքիայի նախագահի պաշտոնում փոխարինել էր Ահմեթ Նեջդեթ Սեզերը, ով դրանից առաջ եղել էր երկրի ՍԴ-ի նախագահը և չուներ մեծ հեղինակություն ու ազդեցություն։ Փոխարենն այդպիսի ազդեցություն ուներ 1999թ․ վերստին Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Բյուլենթ Էջևիթը, ով միայն բարձրագույն կրթություն չունենալու պատճառով 2000թ․ չդարձավ Թուրքիայի նախագահ և հետագայում լուրջ տարաձայնություններ ուներ նախագահ Սեզերի հետ։ Էջևիթը 20-րդ դարում Թուրքիայի քաղաքական կյանքի ամենակարկառուն ներկայացուցիչներից է, նրան անվանում են նաև «Կիպրոսի Ֆաթիհ» (նվաճող), քանի որ 1974թ․ հենց նա էր Թուրքիայի վարչապետն ու կարգադրել էր օկուպացնել Կիպրոսի հյուսիսային հատվածը։ Ռազմատենչության պլանում կարող ենք նշել նաև այն, որ 2000թ․ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը Հուսեին Քըվրըքօղլուն էր, ով 1998թ․ հանդիսանալով Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար՝ ձեռնարկել էր «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ խոշորագույն ռազմական գործողությունը Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության ընթացքում («Մուրադ» ռազմական գործողությանը մասնակցել է 40․000 թուրք զինծառայող)։

Ամեն դեպքում վերստին կցանկանայի ընդգծել, որ Հայաստան ներխուժելու ռազմական պլան մշակելու և այն իրագործելու միջև բավական մեծ տարբերություն կա։ Եթե այդ պլանն իսկապես մշակվել է 2000թ․, ապա փաստորեն անցել է 20 տարի, և այն չի իրագործվել։ Մյուս կողմից էլ դա չի նշանակում, թե այն չեղարկվել է, այն չի թարմացվում և չի սպասում պատեհ պահի իրագործվելուն։ Իսկ այն կյանքի կոչելու համար Թուրքիայից պահանջվում է առաջին հերթին ունենալ «հզոր հիմնավորում» կամ պատրվակ, և մենք պետք է այնպես անենք, որ Թուրքիային զրկենք անգամ այդ պատրվակի հնարավորությունից։ Եվ, բնականաբար, չափազանց կարևոր են գերտերությունների դիրքորոշումները տվյալ հարցում։

-Իսրայելը, Կիպրոսն ու Հունաստանը տարածաշրջանում փորձում են հակաթուրքական դաշինք ստեղծել։ Հայաստանի դիվանագիտության համար սա ինչպիսի՞ հնարավորությունն է ստեղծում։

-Դա հնարավորություն է ստեղծում խորացնելու առաջին հերթին Կիպրոսի ու Հունաստանի հետ հարաբերությունները, որոնք ըստ իս՝ չպետք է կախված լինեն միայն երեք երկրների նկատմամբ Թուրքիայի ագրեսիվ գործողություններից։ Իսրայելի պարագայում նույնպես կան հնարավորություններ, պոտենցիալ, որը պետք է իրացնել՝ ընդգծելով, որ հայ-իսրայելական հարաբերությունների խորացումը ոչ մի կերպ ուղղված չէ և չի լինելու Իրանի դեմ։ Հայաստանի համար շահեկան կլինի տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային երկրների մասնակցությամբ եռակողմ ու քառակողմ մեխանիզմներ ստեղծելը, դրանց շրջանակներում այդ երկրների հետ հարաբերությունները խորացնելը, ռիթմիկ դիվանագիտություն վարելը, տարածաշրջանային խնդիրների հանդեպ ակտիվություն ցուցաբերելը և արդյունքում հայկական գործոնը տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս մեծացնելը, ինչն ավելի ծանրակշիռտ կդարձնի հայկական գործոնը և մյուսներին կստիպի գնալով ավելի շատ հաշվի նստել մեզ հետ։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

 
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0