Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Համաճարակը փոխել է Հայաստանի ժողովրդագրական միտումները․ ինչ է կատարվում

Համաճարակը փոխել է Հայաստանի ժողովրդագրական միտումները․ ինչ է կատարվում

By
Համաճարակը փոխել է Հայաստանի ժողովրդագրական միտումները․ ինչ է կատարվում

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանը-Պարոն Մարկոսյան, հիմա ժողովրդագրական միտումներն ու պատկերն ինչպիսի՞ն են Հայաստանում, որքանո՞վ է կորոնավիրուսը նպաստել միգրանտների վերադարձին:

-Բնականաբար, կորոնավիրուսն ազդել է: Այս պահին կիսամյակի թվերը դեռ չկան, երբ նայում ենք Հայաստան ելումուտի առաջին եռամսյակի թվերը, այնտեղ ունենք ՀՀ անձնագրերով մոտավորապես 18 հազար դրական ցուցանիշ: Այսինքն հունվար-մարտին հայկական անձնագրերով ելումուտը դրական է 18 հազարով՝ նախորդ տարվա մոտ 2,5 հազարի համեմատ: Դա ցույց է տալիս, որ քիչ են գնացել, շատ հետ են եկել: Երկրորդ եռամսյակը ցույց կտա հետագա միտումները: Պետք է հաշվի առնել, որ մարտից մեր սահմանները փակ են, Ռուսաստանի հետ հաղորդակցությունը դադարեցված է: Նկատենք, որ արտագնա աշխատանքի մեկնող խմբերը Հայաստանից մեկնում էին փետրվար-մարտին: Հիմա այդ մարդիկ մնացել են Հայաստանում, մեծ մասը չի մեկնել: Բնականաբար, խնդիրներ կառաջանան, առաջին հերթին կնվազի դրամական ներհոսքը, տրանսֆերտների էական նվազում կարձանագրի: Նաև հաշվի առնենք, որ կորոնավիրուսի և նավթի գների անկման պարագայում բավական դժվարություններ կան  նաև Ռուսաստանում: Վերջին տվյալներով, մոտ 25 հազար քաղաքացի գրանցված է Հայաստանում ՌԴ դեսպանատանը և սպասում են ՌԴ վերադարձին: Այո, այս տարի ներհոսք լինելու է, և այս տարի նույնիսկ հնարավոր է բնակչության դրական ցուցանիշ ունենանք, բնակչության մեխանիկական աճի դրական տարբերություն լինի:

-Իսկ ինչպիսի՞ն է մահացության վիճակը՝ հաշվի առնելով նաև կորոնավիրուսի համավարակը:

-Այս տարվա առաջին եռամսյակում մահերի թվի նույնիսկ նվազում է գրանցվել նախորդ տարվա համեմատ: Այս տարվա հունվար-մարտին մահերի թիվը նախորդ տարվա համեմատ քիչ է եղել: 2020 թ. հունվար-մարտին մահերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 18-ով, ծնունդները՝ 374-ով։ Պետք է հասկանալ, թե դա ինչով է պայմանավորված: Ընդհանրապես, վերջին տարիներին մահերի թիվը նվազում է: Հայաստանում միջին տարիքը 72,2 է և հիմա այդ տարիքում են գտնվում նախորդ տարի 1940-ականների կեսերին ծնված սերունդը, իսկ այդ սերունդը նաև պատերազմով պայմանավորված թվաքանակով քիչ է: Այսինքն դրանով է պայմանավորված մահերի նվազումը: Բնականաբար, 5 տարի հետո մահերի թիվը կարող է ավելանալ, որովհետև այդ կյանքի միջին տևոողությանը կհասնեն 1950-ականներին ծնվածները: Կարծում եմ՝ մահերի թվի նվազումն առաջին հերթին պայմանավորված է դրանով: Երկրորդ եռամսյակը ցույց կտա, թե ընդհանրապես ինչ փոփոխություն է եղել, արդյոք կորոնավիրուսը ազդեցություն ունեցել է, թե ոչ: Դա կլինի մոտավորապես օգոստոսին, երբ կհրապարակվեն հունվար-հունիսի ժողովրդագրական տվյալները:

-Կառավարությունը ժողովրդագրության հետ կապված նոր խրախուսող ծրագրեր է իրականացնում, մասնավորապես երրորդ երեխայի դեպքում հիփոթեքային վարկի մի մասը վճարում է: Այս ծրագրերը ինչ ազդեցություն կունենան ժողովրդագրության վրա:

-Առաջին եռամսյակի տվյալներով, նախորդ տարվա համեմատ ունեինք ոչ այնքան լավ ցուցանիշներ, մոտավորապես 450-ով նվազել էր ծնունդների թիվը: Հնարավոր է, որ մարդիկ պլանավորել են երկրորդ եռամսյակում ծննդաբերել, քանի որ արդեն նախորդ տարի կառավարությունը հայտարարել էր, որ հուլիսի 1-ից բարձրանում է առաջին և երկրորդ երեյայի ծննդյան միանվագ նպաստը: Առաջին երեխայի դեպքում 50 հազար դրամը դառնում է 300 հազար դրամ, երրորդ երեխայի դեպքում 50 հազարը դառնում է 300 հազար դրամ, բարձրանալու է նաև երեխայի խնամքի նպաստը: Մինչև երկու տարեկանը երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում՝ աշխատող ծնողները 18 հազարի փոխարեն կստանան 26500 դրամ: Ի լրումն դրա, գյուղական բնակավայրերում վարձու աշխատող չհանդիսացող ծնողը ևս մինչև երեխայի 2 տարեկան դառնալը կստանա 26500 դրամ, իսկ գյուղում գրանցում ունեցող վարձու աշխատող մայրը կստանա դրա կրկնապատիկը՝ 63 հազար դրամ: Այսինքն հնարավոր է, որ պլանավորումը նաև այդպես է գնացել: Դա ցույց կտա արդեն երրորդ եռամսյակը: Սակայն ցավոք, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով ունեցել ենք 1991 թվականից ի վեր ամենացածր ծնելիության ցուցանիշը:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ կորոնավիրուսը նպաստեց, որ արտագաղթը դանդաղի կամ ընդհանրապես դադարի:

-Բնականաբար, եթե սահմանները փակ են, ապա մեծ ցանկության պարագայում էլ չես կարող որևէ տեղ գնալ: Նախորդ տարի հետազոտություն էր անցկացվել և արձանագրվել էր, որ կոնկրետ մշտական մեկնողների թիվը նվազել է: Երբ նայում ենք 3-4 տարի առաջվա կտրվածքով, երբ որ մարդկանց մինչև 50-55 տոկոսը ձգտում էր գնալ երկրից, ապա նախորդ տարի մշտական մեկնել ցանկացողների թիվը նվազել է, չեն ցանկանում հեռանալ: Նախորդ տարի մեծացել էր աշխատանքային միգրանտների թիվը, բայց նրանք մեծամասամբ վերադառնում են: Այսինքն բոլորը ցանկություն էին հայտնել վերադառնալ, այդ միտումը կա: Կորոնավիրուսով պայմանավորված փոփոխություններ են եղել ընդհանրապես աշխարհի միգրացիոն քաղաքականության մեջ: Պետությունները նոր քաղաքականություններ են որդեգրում՝ հաշվի առնելով նաև կորոնավիրուսը և առողջապահական խնդիրները: Մասնավորապես, առնվազն մինչև պատվաստանյութի հայտնաբերումը ինչ-որ սահմանափակումներ սկսելու են գործել: Մեզ մոտ սահմանները մինչև հիմա փակ են և երկրորդ եռամսյակը ցույց կտա, թե ինչ է կատարվել բնակչության տեղաշարժի առումով:

Նշեմ, որ կորոնավիրուսը հաջորդ տարի ևս պետք է որ ազդեցություն ունենա, որովհետև տեսնում ենք, որ բավականին ամուսնություններ հետաձգվեցին: 2019-ին ամուսնությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել էր 750-ով, բայց այս տարի կարծում եմ՝ ամուսնությունների թիվը կնվազի, քանի որ սահմանափակումների հետ կապված շատ դեպքերում հնարավոր չէր ամուսնությունը նշել: Բայց այնպես չէ, որ այդ նվազումը չի վերականգնվի, որովհետև այդ ամուսնությունները կհետաձգվեն այս տարվա վերջ կամ հաջորդ տարի: Քանի որ ամուսնությունները կհետաձգվեն հաջորդ տարի, մենք հաջորդ տարի կուենանանք նաև ծնունդների անկում:

Իհարկե, ժողովրդագրական վիճակին նպաստող, խթանող ծրագրերը, նաև մարդկանց լավատեսությունը իրենց ազդեցությունն ունենում էին, բայց հիմա որոշակի խնդիրներ են առաջացել, քանի որ բացի կորոնավիրուսից, խնդիր է նաև սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը: Այնպես որ, լուրջ հետազոտություններ են պետք հասկանալու համար, թե ինչ է կատարվել, ինչ գործընթաց է տեղի ունեցել: Համենայնդեպս, հաջորդ տարի ծնունդների անկում կգրանցվի, այդ ծնունդները կտեղափոխվեն արդեն 2022 թվական:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

 
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0