Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ադրբեջանի փողը վերջացե՞լ է

Ադրբեջանի փողը վերջացե՞լ է

By
Ադրբեջանի փողը վերջացե՞լ է

Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Անկարան Բաքվին մոտ 30 միլիոն դոլարի վարկ է տվել ռազմատեխնիկական գործակցության շրջանակում, որի դիմաց Բաքուն պետք է սպառազինություն ստանա Անկարայից: Դա տեղի է ունենում ընթացիկ տարվա փետրվարի 25-ին Էրդողանի՝ Բաքու այցի ընթացքում կնքված համաձայնագրի շրջանակում:

Ավելի վաղ ադրբեջանական մամուլը գրել էր, որ Բաքուն Թուրքիայից կստանա ռազմական հարվածային անօդաչուներ: Ընդ որում, Ադրբեջանի մամուլում բավականին հաճախ հիշատակում են այն, որ Սիրիայում և Լիբիայում այդ անօդաչուներով Թուրքիան հարվածներ է հասցրել ռուսական հակաօդային սպառազինությանը, զենիթային համալիրներին: Տողատակը հասկանալի է՝ Բաքուն այդպիսով հեռակա «պատերազմ» էր մոդելավորում Հայաստանի դեմ, որի հակաօդային սպառազինությունը ևս ռուսական է: Թե որքանով է այդ մոդելավորումը քարոզչական հնարք, իսկ որքանով՝ իրական ռազմական աշխատանք՝ բարդ է ասել միարժեք, թեև այսպես թե այնպես Հայաստանն ու Արցախն այդ առումով ունեն մեկ անփոփոխ խնդիր՝ մշտապես առավելագույնս պատրաստ լինել ցանկացած ռազմական սցենարի, որին կարող է դիմել Բաքուն: Առավել ևս, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը հերթական անգամ է խոսել ռազմական ճանապարհով «տարածքային ամբողջականություն» վերականգնելու պատրաստակամության մասին:

Միևնույն ժամանակ թվում է, որ ինչքան ավելի պատրաստ է Ալիևն այդ քայլին, այնքան պետք է դրան գնա լռությամբ, որովհետև հոխորտանքը դրան տանող լավագույն մարտավարությունը չէ: Իհարկե, մենք չունենք իրավունք համարելու, որ դա ընդամենը ներքին սպառման համար է: Ինչպես նշեցինք և ինչպես նշել ենք բազմիցս, անկախ Ադրբեջանից հնչող հայտարարություններից՝ եթե այնտեղ առավոտից երեկո խոսեն անգամ խաղաղության մասին, Հայաստանը պետք է պատրաստվի խաղաղություն պարտադրելու, այսինքն՝ պատերազմի, որը Ադրբեջանին խաղաղության թեկուզ հարաբերական շրջանակի մեջ պահելու առանցքային հանգամանքն է:

Այդուհանդերձ, դիտարկելով իրավիճակը, ըստ երևույթին հարկ է արձանագրել, որ Բաքվի հոխորտանքը լավ օրից չէ: Դա մասին է վկայում Ադրբեջանի պարբերական դժգոհությունը, որ միջազգային հանրությունը թույլ չի տալիս պատերազմել: Իհարկե, այլ հարց է, թե ինչ կանի Բաքուն, եթե ստանա այդ թույլտվությունը, և ինչ ելք կունենա այդ պատերազմը Բաքվի համար: Հազիվ թե այդ ելքն Ալիևի համար լինի ավելի լավը, քան այն, ինչ կա արցախյան առաջին պատերազմից հետո: Ապրիլյան քառօրյայի մի քանի դիրքն այդ իմաստով Բաքվի համար թող չդառնա ինքնախաբեության առիթ: Ալիևն անկասկած ինքն էլ լավ գիտի և պատկերացնում է դա, մյուս կողմից՝ չգիտի, թե ինչ անել: Պատերազմ հնարավոր չէ, մյուս կողմից՝ հնարավոր չէ կամ ավելի ու ավելի բարդ է դառնում բացատրել, թե ինչու են ծախսվել սպառազինության միլիարդավոր դոլարներ, եթե պատերազմ հնարավոր չէ: Ընդ որում, Ադրբեջանն այդ առումով արդեն ունի թերևս խնդիրներ, եթե Թուրքիայից սպառազինությունը ձեռք է բերում ոչ թե կանխիկ, այլ վարկով, այն էլ՝ 30 միլիոն դոլար: Ասել կուզի՝ անգամ այդ ծավալը Ալիևի գրպանին ներկայումս հարմար չէ, թեև նա խոսում է միլիարդների մասին: Այդ առումով էլ, սակայն, իրավիճակն ամենևին զարմանալի չէ:

Նավթի գնանկումն ու կորոնավիրուսային ճգնաժամը Ադրբեջանի տնտեսությունը հասցրել են բավականին բարդ վիճակի: Միևնույն ժամանակ տնտեսության տենդը սկսվել էր դեռևս կորոնավիրուսից առաջ: Սակայն այդ առումով թերևս անհրաժեշտ է անել գլխավոր արձանագրումը, որ տնտեսական խնդիրներն ինքնին կարող են ծանր չլինել, եթե չուղեկցվեն Բաքվի համար քաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով: Դրանք են, որ տնտեսական անկումը դարձնում են շատ ավելի լուրջ խնդիր, քան զուտ սոցիալ-տնտեսական ռիսկերը: Ադրբեջանը անկախության տարեդարձի առիթով ստացավ շնորհավորանքներ իր համար երկու կարևոր կենտրոններից՝ Վաշինգտոն և Մոսկվա, որոնցից երկուսում էլ ըստ էության անտեսված էր Բաքվի համար կարևորագույն հարցը՝ ղարաբաղյան կարգավորումն ու, այսպես կոչված, «տարածքային ամբողջականությունը»:

Հեղինակ՝ Արամ Ամատունի

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0