Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հասանովը փորձում է Մոսկվային տրամադրել Հայաստանի դեմ՝ մոռանալով, որ Ադրբեջանը տարեկան 50-60 մլն դոլարի ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից

Հասանովը փորձում է Մոսկվային տրամադրել Հայաստանի դեմ՝ մոռանալով, որ Ադրբեջանը տարեկան 50-60 մլն դոլարի ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից

By
Հասանովը փորձում է Մոսկվային տրամադրել Հայաստանի դեմ՝ մոռանալով, որ Ադրբեջանը տարեկան 50-60 մլն դոլարի ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից

Մեր նախորդ հոդվածում տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկ շաբաթ առաջ տված հարցազրույցում բողոքել էր, թե հայերը տեսադիտարկման համակարգեր են տեղադրել Ադրբեջանի հետ շփման գծի երկայնքով, ինչի պատճառով իրենք չեն կարողանում թիրախավորել հայկական կողմի զինվորներին, և իրավիճակը շփման գծում վերջին երկու տարիներին համեմատաբար խաղաղվել է: Ընդ որում, Հասանովը շեշտել էր, թե «հայերն» այդ «ռազմական նշանակության սարքավորումները գնել են շնորհիվ Միացյալ Նահանգներում իրենց հովանավորների»:

Այն, որ սահմանին տեղադրված տեսադիտարկման սարքերն, ըստ էության, փոխել են իրավիճակը հակամարտության գոտում՝ կապելով ագրեսորի ձեռքերը և մեծապես զրկելով ադրբեջանական կողմին ագրեսիվ գործողությունների միջոցով հայկական կողմի վրա քաղաքական ճնշում գործադրելու հնարավորությունից, պարզեցինք մեր նախորդ վերլուծության մեջ:

Բայց այս կարևոր հանգամանքից բացի՝ Հասանովի խոսքերից նաև որոշ այլ տրամաբանական հարցեր են ծագում: Օրինակ՝ արդյո՞ք տեսադիտարկման համակարգերը ամերիկյան են, Միացյալ Նահանգները դրանք մեզ վաճառե՞լ է, թե՞ տրամադրել է որպես ռազմական օգնություն: Եթե օգնություն է, ապա կա՞ն արդյոք դրա տակ քաղաքական նպատակներ:

Եվ մյուս կարևոր հարցը՝ ինչո՞ւ է Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրապարակայնորեն բողոքում ամերիկացիներից և ինչո՞ւ է շեշտում Միացյալ Նահանգների հնարավոր առնչությունը այս գործին:

Հնարավոր է՝ հարցի պատասխանը գտնելուն օգնի այն փաստը, որ Հասանովն իր այդ խոսքերն ասել էր ռուսալեզու CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, և զրույցն էլ, բնականաբար, եղել է ռուսաց լեզվով: Գուցե նման հայտարարություններով Ադրբեջանի պաշտպանության նախարարը փորձում է Մոսկվային տրամադրել Հայաստանի դե՞մ՝ ասելով, թե «տեսեք՝ ամերիկացիները հատուկ սարքավորումներ են տրամադրում հայերին՝ ուժեղացնելով իրենց ազդեցությունը հակամարտության գոտում»:

Այն, որ նման քողարկված մրցակցություն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև եղել է, և 2016 թ. մայիսին Վիեննայում գումարված հայտնի գագաթաժողովը, որի արդյունքներով որոշում ընդունվեց շփման գծում վերահսկողության և միջադեպերի հետաքննության ժամանակակից մեխանիզմներ տեղադրելու մասին, նախաձեռնել էին հենց ամերիկացիները՝ պետքարտուղար Ջոն Քերիի գլխավորոթյամբ, գրել էինք տարիներ առաջ՝ 2017 թ. աշնանը, երբ փորձում էինք հասկանալ, թե ինչո՞ւ Վիեննայի համաձայնությունները դուրս մղվեցին ղարաբաղյան բանակցությունների օրակարգից:

Այն ժամանակ եկել էինք հետևյալ եզրակացությանը. «Վիեննայի գագաթաժողովն ու մասնավորապես շփման գծում հետաքննությունների մեխանիզմ ներդնելը գլխավորապես նախագահ Օբամայի վարչակազմի նախաձեռնությունն էր և առաջին հերթին բխում էր ամերիկյան հետաքրքրություններից, որքան էլ պաշտոնական շրջանակները պնդեն, թե Միացյալ Նահանգները և Ռուսաստանը միասնական մոտեցում ունեն ղարաբաղյան հարցում: Խոսքը ժամանակակից սարքերի միջոցով իրադրությունը շփման գծում վերահսկելու մասին է, ինչը ոչ միայն բնականորեն բխում էր հայկական կողմի շահերից, այլև ենթադրաբար կուժեղացներ Միացյալ Նահանգների ազդեցությունը շփման գծում և հետևաբար՝ նաև հակամարտող կողմերի նկատմամբ, իսկ դա ուղղակիորեն հակասում է Ռուսաստանի շահերին, որին հոգեհարազատ են «անվտանգության» ավելի ավանդական, ավելի բիրտ միջոցները, օրինակ՝ «խաղաղապահ» զորքերի տեղակայումը»:

Բայց եթե խոսում ենք արցախա-ադրբեջանական շփման գծում անվտանգության միջոցառումների իրականացման և ռազմական գործողությունների, բախումների, հրադադարի խախտումների կանխարգելման հետ կապված քայլերի ու այս հարցում ամերիկյան նախաձեռնության մասին, ապա առաջին հերթին պիտի հիշենք հայտնի «Ռոյս-Էնգել» առաջարկությունները, որոնք արվել են մինչև 2016 թ. Ապրիլյան պատերազմը՝ 2015 թ. աշնանը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (Հանրապետական, Կալիֆոռնիա) և բարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (Դեմոկրատ, Նյու Յորք) ԵԱՀԿ Մինսկի խմբի այն ժամանակվա ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին էին ուղարկել 85 կոնգրեսականների կողմից ստորագրված մի նամակ՝ առաջարկելով ձեռնարկել երեք հիմնական քայլ՝

համոզել հակամարտող կողմերին հեռացնել դիպուկահարներին սահմանային գոտուց,

շփման գծում ավելացնել ԵԱՀԿ ներկայացուցիչների թիվը,

տեղադրել այնպիսի տեխնիկական համակարգեր, որոնք թույլ կտան ճշգրտորեն պարզել, թե որտեղից են արձակվում կրակոցները:

Ռազմաքաղաքական հարցերով զբաղվող փորձագետ Տարոն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արցախի պաշտպանական դիրքերի արդիականացման և ամրապնդման աշխատանքները սկսվել են դեռևս Ապրիլյան պատերազմից հետո: Տեղադրվել են տեսադիտարկման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս վերահսկելու հակառակորդի շարժը առաջնագծում և կանխելու դիվերսիոն ներթափանցման փորձերը: Եվ այդ համակարգերը գնալով կատարելագործվել են: Բայց թե արդյո՞ք այդ սարքավորումները Միացյալ Նահանգներից են ձեռք բերվել՝ փորձագետը դժվարանում է ասել:

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում, որ տեսադիտարկման սարքերը Միացյալ Նահանգներից ձեռք բերված լինեն, բայց նաև ավելացնում է, որ իր կարծիքով՝ դա ո՛չ ռազմական գույք է, ո՛չ էլ Միացյալ Նահանգների կողմից տրամադրված օգնություն:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ Սուրեն Սարգսյանը ասաց. «Ես կարծում եմ, որ Հասանովը շատ լավ հասկանում է և լավ պատկերացնում է, որ եթե փորձեր ռուսներին այս թեմայով նյարդայնացնել կամ Հայաստանի դեմ ինչ-որ գործողությունների հրահրեր, ապա շատ լեգիտիմ հարց է առաջանում, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգներից տարեկան 50-60 մլն դոլարի ռազմական օգնություն է ստացել վերջին երկու տարիների ընթացքում: Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ ռազմական օգնությունը, որը Պենտագոնով է եկել Ադրբեջանին, ավելի շատ պետք է անհանգստացներ ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին, որովհետև նաև ցամաքային սահմանի երկայնքով են տեղադրվում այն բոլոր հնարավոր զինատեսակներն ու ռազմական կամ ոչ ռազմական նշանակություն ունեցող գույքը, որն իրենք ստանում են Միացյալ Նահանգներից: Իսկ դրանց մեջ կան նաև նույն այդ տեսադիտարկման սարքերից, որոնք Ադրբեջանը ստանում է: Այնպես որ, չեմ կարծում, թե Հասանովի հայտարարությունը «մեսիջ» էր՝ ուղղված Ռուսատանին, որպեսզի Մոսկվային տրամադրի Հայաստանի դեմ»:

Իսկ ինչ վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի չկատարված պայմանավորվածություններին՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նկատեց, որ Հայաստանն էլ վերջին երկու տարիներին ակտիվորեն չի խոսում այդ համաձայնությունների կատարման անհրաժեշտության մասին:

«Անհասկանալի է՝ ընդհանրապես Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը մեր օրակարգում դեռ կա՞ն, թե՞ մոռացվել են արդեն: Եվ եթե մենք դրանց մասին չենք խոսում՝ ինչո՞ւ պիտի համանախագահներից մեկը շահագրգռված լինի, որ տեղակայվեն այդ սարքերը: Նույն Ռոյսի և Էնգելի նախաձեռնությունը, որը կար, իրենց մոտ էլ կարող է հարց առաջանալ՝ լավ, եթե Հայաստանը դրա մասին չի խոսում, հայտարարություններ չեն անում, կարծես հետաքննող մեխանիզմները տեղադրելու և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ Երևանը բավական պասիվ է, ապա ինչո՞ւ պիտի մենք ակտիվությունը ցուցաբերենք: Դրա համար էլ չեմ կարծում, որ սա լիներ Մինսկի խմբի համանախագահներից մեկի, տվյալ դեպքում՝ Միացյալ Նահանգների կողմից արված քայլ, որպեսզի ինքը բերի և շփման գծում տեղակայի այն մեխանիզմները, որոնք նախատեսված էին որոշակի պայմանավորվածություններով, սակայն Ադրբեջանը չկատարեց իր պարտավորությունները, Հայաստանն էլ մոռացավ դրանց մասին: Ես կարծում եմ, որ այստեղ տրամաբանություն չկա», – մեկնաբանեց փորձագետը:

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0