Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Թուրքմենական գազը Իրանով կգա՞ Հայաստան. մարգարեի տարիքը

Թուրքմենական գազը Իրանով կգա՞ Հայաստան. մարգարեի տարիքը

By
Թուրքմենական գազը Իրանով կգա՞ Հայաստան. մարգարեի տարիքը

Հայաստանի վարչապետն ու նախագահը շնորհավորական ուղերձներ են հղել Թուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ ծննդյան տարեդարձի առիթով, հայտնելով երկկողմ բարեկամական կապի խորացման հույս:

Նա դառնում է 63 տարեկան: Ի դեպ, Բերդիմուհամեդովը հենց հունիսի 29-ին ծննդյան տարեդարձով էր պատճառաբանել հունիսի 24-ին Մոսկվայի շքերթին չմեկնելը, որ դա մարգարեի տարիքն է, եւ ավանդույթը պահանջում է տոնել այն ընտանիքի, հարազատների ներկայությամբ: Ակնհայտ է սակայն, որ բուն պատճառը աշխարհակարգային վերափոխման շրջափուլն է, որում ցանկություն չկա հայտնվել մեկ անձի հավակնությունների «ռեկվիզիտի» դերում:  Այն էլ անձի, որն ակնհայտորեն գտնվում է քաղաքական ստագնացիայի փուլում եւ այդ շրջափուլ է մտցրել նաեւ Ռուսաստանը, աշխարհքաղաքական պատասխանատվության այն գոտու համար ռիսկերով հանդերձ, որ ընդունված է համարել հետխորհրդային տարածություն:

ՌԴ նախագահի հրավերը մերժեց ոչ միայն Բերդիմուհամեդովը, այլ գործնականում բոլորը, ում հրավիրել էին՝ ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսրայել, Չեխիա, Խորվաթիա, Հայաստան, Ալիեւ: Կիրգիզիայի նախագահն անգամ մեկնելով Մոսկվա, վերջին պահին ուղեկցողների շարքում կորոնավիրուսի առկայության պատճառաբանությամբ չմասնակցեց շքերթին:

Նոր աշխարհակարգը փոխելու է թերեւս նաեւ հետխորհրդային տարածություն «եզրույթի» տրամաբանությունը, կամ ի վերջո հանելու է այդ եզրույթը քաղաքական արդիականության շրջանակից: Դրա անուղղակի վկայություն է թերեւս Պուտինի հայտարարությունը, թե հետխորհրդային շատ երկրներ անկախացել են ռուսական հողերով, որոնք նվեր էին ստացել ԽՍՀՄ մաս դառնալուց հետո: Նրա խոսքը մի կողմից նման է սպառնալիքի, մյուս կողմից սակայն պարունակում է «հեռացող գնացքի» տրամաբանություն՝ «հողերը գոնե հետ տվեք», հեռանալուց առաջ:

Ռուսաստանին ավելի ու ավելի դժվար է պահել հետխորհրդային տարածությունը: Սպառվում է անգամ միակ տեխնոլոգիան՝ ուժը, քանի որ Ռուսաստանն այդ հարցում դառնում է արդեն ոչ թե երկրորդ, այլ մեծ վերապահումներով՝ երրորդ կենտրոն՝ Վաշինգտոնից եւ Պեկինից հետո:

Կա թերեւս մի տարբերակ, որը կախված է այն հանգամանքից, թե Մոսկվան որքան է ունակ լինելու առաջարկել տնտեսական փոխշահեկան մեխանիզմներ, որոնք թույլ կտան կայսերական հավակնությունը վերածել իրապես տնտեսական փոխշահավետ գործակցության: Բայց, այստեղ էլ Մոսկվան առայժմ ի վիճակի չէ դուրս գալ մտածողության նոր հարթություն, էներգետիկ առավելությունը դիտարկելով ոչ թե որպես մահակ, այլ գրավչության մեխանիզմ:

Ավելին, Ռուսաստանը իր հնարավոր գործընկերներին փաստացի մղում է այլընտրանքի փնտրտուքի, եւ այդ հարցում Թուրքմենիայի հանգամանքը նշանակալի է, մասնավորապես այդ խնդիրների առաջ կանգնած Հայաստանի համար:

Երեւանը 2017 թվականից նկատելի հետաքրքրված է Թուրքմենիայի հետ հարաբերության խորացմամբ, այդ թվում գազի ներկրման ուղղությամբ՝ սվոփ տարբերակով, Իրանի միջոցով: Եռակողմ քննարկումների մասին հայտարարվել է դեռեւս 2017 թվականին, թեեւ նշվել է նաեւ, որ այստեղ  խնդրահարույց գործոն է Թուրքմենիային Իրանի ունեցած պարտքը:

Ի՞նչ ընթացքում է եռակողմ քննարկումը, այն կա՞, թե՞ ընդհատվել է: Նոր իրավիճակում Հայաստան-Թուրքմենիա-Իրան եռակողմ քննարկումը ստանում է նոր նշանակություն եւ հեռանկար՝ հետխորհրդային տարածություն հասկացության «դուրսգրման» հեռանկարի ֆոնին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

 

 

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0