Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Կալանավորվել է ԲՀԿ նախագահի եւս մի թիմակից. ծանր դրություն է

Կալանավորվել է ԲՀԿ նախագահի եւս մի թիմակից. ծանր դրություն է

By
Կալանավորվել է ԲՀԿ նախագահի եւս մի թիմակից. ծանր դրություն է

Հուլիսի 8-ին Վերաքննիչ դատարանը հրապարակելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ վճիռը, որ կայացնելու է Ընդհանուր իրավասության դատարանի վճռի դատախազության բողոքարկման կապակցությամբ: Խոսքը վերաբերում է ընտրակաշառքի հայտնի գործին, որի մասին ԱԱԾ հայտարարեց մի քանի շաբաթ առաջ:

Մինչ Վերաքննիչ դատարանը կհրապարակի այդ գործով Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ վճիռը, Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նույն գործով անցնող Ծառուկյան խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին կալանավորելու միջնորդությունը: Ընդ որում, Վանիկ Ասատրյանը այդ գործով կալանավորվող նախկին երկրորդ պատգամավորն է: Մինչ այդ կալանավորվել էր նաեւ Աբրահամ Մանուկյանը, դարձյալ Ծառուկյան խմբակցությունից:

Փաստացի ստացվում է, որ ընտրակաշառքի գործով կալանավորվում են Ծառուկյանի թիմակիցները, այն դեպքում, երբ նա ինքը գոնե առայժմ ազատության մեջ է: Կփոխի՞ այդ կարգավիճակը եւ հարաբերակցությունը Վերաքննիչ դատարանը: Եթե ԲՀԿ նախագահը շարունակի մնալ ազատության մեջ, ապա այդ վիճակը նրա համար կարող է ստեղծել յուրօրինակ հոգեբանական անհարմարություն, երբ զինակիցները կալանավորվում են, իսկ նա՝ ոչ:

Ծառուկյանի տանն ԱԱԾ խուզարկությունից ի հայտ եկան թղթեր, որոնք հավատարմության երդում էին նրա նկատմամբ, որոշակի վարքագծային պարտավորություն նրա առաջ: Արդյո՞ք բոլորն ունեն այդպիսի թղթեր, թե ոչ, բարդ է ասել: Սակայն, բոլոր դեպքերում, կստացվի զինակիցների յուրօրինակ, կամա, թե ակամա «զոհաբերություն»: Մյուս կողմից, իհարկե խնդրի բարոյահոգեբանական կողմը կախված է հենց այդ հանգամանքից, թե ինչպիսին է եղել Ծառուկյանի եւ թիմակիցների միջեւ փոխհարաբերության, պայմանավորվածությունների բովանդակությունն ամբողջությամբ, ով ինչի համար է եղել պատասխանատու, ով ինչ է երաշխավորել, եւ այլն:

Իրավա-քաղաքական ասպեկտը անշուշտ պայմանավորված է ավելի բազմաշերտ իրողություններով, այդ թվում եւ այն շեշտադրումներով, որ խորհրդարանի ամբիոնից օրեր առաջ ներկայացնում էր վարչապետ Փաշինյանը, ազդարարելով Հայաստանի ներքաղաքական կյանքի հետագա նշաձողեր, որոնցում որեւէ կերպ չէր տեղավորվում ԲՀԿ-ն առնվազն իր ներկայիս տեսքով ու բովանդակությամբ:

Նիկոլ Փաշինյանի ելույթին իհարկե հաջորդեց Ծառուկյանի հայտնի հայտարարությունը «հակառուսականության սրվող ալիքի» մասին եւ փաստացի հայտը Ռուսաստանին, որ պատրաստ է կանգնել դրա դեմ ամեն կերպ: Մյուս կողմից, բարդ է ասել, թե այդ բաց հայտը արդյո՞ք օգնելու է Ծառուկյանին մնալ քաղաքական ասպարեզում, թե՞ ավելի է արագացնելու դրանից դուրս մղվելու գործընթացը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0