Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Իրավիճակն ապակայունացնելու հարցում շահագրգիռ կողմերը մեկից ավելին են․Արման Մելիքյան

Իրավիճակն ապակայունացնելու հարցում շահագրգիռ կողմերը մեկից ավելին են․Արման Մելիքյան

By
Իրավիճակն ապակայունացնելու հարցում շահագրգիռ կողմերը մեկից ավելին են․Արման Մելիքյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

–Պարոն Մելիքյան, Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարություն է տարածել, որտեղ արդեն սպառնում է հարվածել հայկական ատոմակայանին: Որքանո՞վ են վտանգավոր նման հայտարարությունները, որքանո՞վ պետք է լրջորեն մոտենալ այս տեռորի կոչերին:

-Սպառնալիքը հնչեցվել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության պաշտոնկան ներկայացուցչի կողմից: Այսինքն՝ այն գերատեսչության կողմից, որը ձեռքի տակ ունի հնչեցված սպառնալիքը իրականացնելու համար անհրաժեշտ զինանոցը: Իրավական տեսանկյունից այդ սպառնալիքն անթույլատրելի է, քաղաքական առումով՝ բացառիկ սակավամտության դրսևորում է, բայց քանի որ ռազմական միջոցների գործադրմամբ կարող է փորձ արվել այն գործնականում իրականացնել, ապա մենք պարտավոր ենք անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի պաշտոնական Բաքուն իրավական և քաղաքական մակարդակներում դատապարտվի և պատժվի, իսկ ռազմական մակարդակում սպառնալիքն իրականացնելու հնարավորությունից զրկվի:

–Փաշինյան–Միշուստին հանդիպմանը անդրադարձ է եղել հայ–ադրբեջանական սահմանի լարվածությանը, մասնավորապես Փաշինյանը նշել է «Այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին, և դեռ պետք է հասկանալ` ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված»։ Ո՞ւմ է ակնարկում Փաշինյանը։

-Փաստորեն ստացվում է, որ ՀՀ վարչապետը գիտի, որ կա իրավիճակն ապակայունացնող երրորդ կողմ, սակայն չգիտի, թե դա կոնկրետ որ արտաքին ուժն է և ինչ նպատակներ է հետապնդում հայ-ադրբեջանական սահմանի կոնկրետ հատվածում ռազմական բախումներ հրահրելով: Քանի որ իր կասկածները նա կիսել է հատկապես ՌԴ վարչապետի հետ, ապա կարելի է ենթադրել, որ իր այդ մտահոգությունները Ռուսաստանին չեն վերաբերվում: Թեև դա էլ միանշանակ չէ: Հավանական խառնակիչը կարող է Թուրքիան լինել, սակայն այդ դեպքում վարչապետ Փաշինյանը հանգիստ կարող էր որպես ապակայունացման պատվիրատու ուղղակիորեն մատնացույց անել պաշտոնական Անկարային, բայց ինչ-ինչ նկատառումներից ելնելով չարեց դա: Իմ կարծիքով՝  իրավիճակն ապակայունացնելու հարցում շահագրգիռ կողմերը մեկից ավելին են:

–Պարոն Մելիքյան, ինչո՞ւ Տավուշում և ինչո՞ւ հիմա Ադրբեջանը նման գործողությունների անցավ։

–Եթե ընդունում ենք, որ այս ռազմական սրացումն ունեցել է երրորդ կողմի շահերը սպասարկելու նպատակ, ապա պետք է ընդունենք նաև, որ բախման կետի և ժամանակի ընտրությունը ևս Ադրբեջանի կողմից չի արվել: Հակամարտության միջազգայնացումն ապահովող երկու ուղղություն կա՝ մեկը Նախիջևանն է, իսկ մյուսը հենց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածը, որին հարում են նաև Ադրբեջանից Վրաստան մտնող էներգետիկ և տրանսպորտային կոմունիկացիաները: Այս համատեքստում կարևոր եմ համարում հատուկ ուշադրություն դարձնել Վրաստանի հարավում՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու երկայնքով բնակվող ադրբեջանցիների շրջանում առկա տրամադրություններին և այս գոտում իրականացվող թուրքական քարոզչության բովանդակությանը:

 –Լայնածավալ գործողությունների որքանո՞վ սա կվերածվի։

-Չեմ կարծում, որ Ադրբեջանը երկարատև լայնածավալ պատերազմ վարելու ծրագրեր ունի: Ավելի հավանական է, որ պաշտոնական Բաքուն կնախընտրի լոկալ ռազմական բախումների, մարտական դիրքերի աստիճանական առաջխաղացման մարտավարությունը: Բայց, դրանով հանդերձ, հակառակորդը հարմար պահը չի կորցնի կայծակնային պատերազմ նախաձեռնելու հարցում, եթե վստահ լինի, որ դրանում հաղթելու հավանականությունը մեծ է, իսկ պարտության դեպքում՝ տարածքային ու քաղաքական կորուստները նշանակալի չեն լինի:

–Պարոն Մելիքյան, շատերը տավուշյան լարվածության հիմքում հետին պլանում տեսնում են Ռուսաստան–Թուրքիա գազային հակամարտության գործոնը։ Ի՞նչ եք Դուք կարծում։

-Ես գտնում եմ, որ իրական խաղադրույքներն անհամեմատ ավելի մեծ են, իսկ խաղի մասնակիցներն էլ միայն այդ երկու պետությունները չեն: Ռուս-թուրքական     «Հարավային հոսք» գազամուղը վկա:

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0