Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ադրբեջանն անցնում է միջազգային տեռորի՞

Ադրբեջանն անցնում է միջազգային տեռորի՞

By
Ադրբեջանն անցնում է միջազգային տեռորի՞

Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է Բեռլինում Հայաստանի դեսպանատան ծառայողական մեքենայի այրվելու մասին:

Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչ է տեղի ունեցել, ով է այրել մեքենան: Դեպքը տեղի է ունենում մի շրջափուլում, երբ մի շարք երկրներում հայերն ու ադրբեջանցիները իրականացնում են բողոքի ակցիաներ՝ տավուշյան լարվածության ֆոնին: Հայերը պահանջում են դատապարտել ադրբեջանական ագրեսիան ու սադրանքները, ադրբեջանցիները պնդում են հակառակը: Մի քանի տեղերում արդեն իսկ եղել է սադրանք ադրբեջանցի ցուցարարներից: Ահա այդ իրողության ֆոնին, Գերմանիայում անհայտ հանգամանքներում այրվում է Հայաստանի դեսպանության ծառայողական մեքենան: Ինչ կպարզի գերմանական ոստիկանությունը: Քանի դեռ չկա դեպքի պաշտոնական բացահայտում կամ անգամ վարկած, իհարկե բարդ է ասել՝ գործ ունենք ադրբեջանական ձեռագրի՞ հետ, թե՞ ոչ: Համենայնդեպս, երկիր, որի պետական պաշտոնյան կարող է սպառնալ խոցել ատոմային էներգակայանը, երկիր, որը պետական մակարդակում կարող է հերոսացնել քնած մարդասպանին, առանց աչք թարթելու կարող է կազմակերպել ահաբեկություն մեքենայի նկատմամբ: Համենայնդեպս, ահաբեկչական ձեռագիր ադրբեջանական կողմը դրսևորել է վաղուց և այդ իսկ պատճառով էլ ներկայիս փուլում այդպիսի զուգորդումը միանգամայն հիմնավոր կասկածների տեղիք է:

Գերմանիայի ոստիկանության վրա այս դեպքում ոչ միայն իրավական բացահայտման պատասխանատվություն է, այլ նաև քաղաքական կարևոր նշանակության հարց: Որովհետև պետք է հասկանալ՝ արդյո՞ք գործ ունենք ադրբեջանական կողմի նոր «ոճի» հետ, ըստ այդմ, մեր՝ հայերիս և Հայաստանի անելիքները հասկանալու համար: Թեև դա, խոշոր հաշվով, միջազգային հանրության անելիքի հարց է, եթե պարզվի, որ ադրբեջանական համայնքը որևէ երկրում կարող է վերածվել պետական ահաբեկչական քաղաքականության գործիքի և իրականացնել այդօրինակ հանցագործություններ: Դա, մեծ հաշվով, միջազգային անվտանգության հարց է: Միևնույն ժամանակ, Հայաստանն, անկասկած, պետք է ևս հստակ դիտարկի այն հնարավոր զարգացումները, որ կարող են լինել այդ առումով, եթե Բաքուն որոշի հայ-ադրբեջանական խնդիրը հեռացնել սահմաններից առժամանակ, գուցե զգոնությունը թուլացնելու համար, տեղափոխելով այն այլ, ընդ որում՝ եվրոպական երկրներ: Կասկած չկա, իհարկե, որ հայկական բանակը զգոնություն թուլացնող չէ: Այստեղ կա մեկ այլ խնդիր, եթե գործ ունենք ադրբեջանական նորատեսակ սադրանքի հետ:

Հեղինակ՝ Արամ Ամատունի

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0