Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Էրդողանն սկսեց քանդել Ռուսաստանը. ինչու են հայերին հիշեցնում Սումգայիթը

Էրդողանն սկսեց քանդել Ռուսաստանը. ինչու են հայերին հիշեցնում Սումգայիթը

By
Էրդողանն սկսեց քանդել Ռուսաստանը. ինչու են հայերին հիշեցնում Սումգայիթը

Իրավիճակը շատ լուրջ է, ցավոք խնդիրն անցնում է անդրազգային իրավիճակի եւ տեղափոխվում այստեղ, սումգայիթյան ջարդերը կարող են խաղալիք թվալ: Այդ մտքերը ՌԴ դեսպանատանը հավաքված հայերի հետ հանդիպմանն արտահայտել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Տողանյանը, կոչ անելով հայությանը չարդարացնել թշնամու սպասումն ու չգնալ սադրանքի, բախում չառաջացնել ՌԴ տարածքում:

Դեսպանի հայտարարությունները բավականին տարօրինակ են, հատկապես սումգայիթյան հիշատակումների առումով: Այն, որ իրադրությունը լուրջ է, դեսպանն անշուշտ իրավացի է, նա իրավացի է անկասկած, որ չպետք է տրվել սադրանքի, բայց ինչի՞ մասին է Սումգայիթը: Դա սպառնալի՞ք է հայությանը: Չէ՞ որ Սումգայիթը հայերի ցեղասպանություն էր Ադրբեջանում: Դեսպանն այժմ ակնարկում է, որ Ռուսաստանու՞մ էլ կարող է լինել հայերի ցեղասպանություն: Ընդ որում, Սումգայիթի մասին միայն նա չէ, որ խոսում է: Ավելի վաղ այդ մասին խոսել էր Ռուսաստանի հայերի միությունը, իսկ դրանից առաջ ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Տրետյակովն էր դիմել ադրբեջանցիներին, թե այստեղ ձեզ համար Սումգայիթը չէ:

Ինչու՞ են հանկարծ բոլորը Ռուսաստանում հիշել, կամ հայությանը հիշեցնում Սումգայիթը: Եվ ինչու՞ օրինակ ոչ ոք ադրբեջանցիներին չի հիշեցնում ոչինչ, այն պարտությունները, որ ռազմական ճակատում կրել են արցախյան առաջին պատերազմում: Ինչու՞ ադրբեջանցիներին ոչ ոք ոչինչ չի հիշեցնում Ռուսաստանից: ՌԴ պաշտոնյաները կոչ են անում չանել քայլեր, որոնք ուղղված են սրացման: ՌԴ նախագահ Պուտինն ԱԽ նիստում հայտարարում է, որ Ռուսաստանի համար հայ-ադրբեջանական սահմանի սրացումը խիստ զգայուն հարց է: Նրա տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը գրում է, թե քննարկեցին նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի հարցը, հաշվի առնելով սահմանին «շարունակվող սրումը»: Բայց, սահմանին մի քանի օր է կարծես թե հանգիստ է, անշուշտ հարաբերական, բայց հանգիստ է: Ի՞նչ «շարունակվող սրման» մասին է ասում Մեդվեդեւը:

Սրացումը այո, շարունակվում է, բայց արդեն սահմանից դուրս, եւ էպիկենտրոն դարձել է Ռուսաստանը:

Մոսկվան այդպես զգուշացնում է Բաքվի՞ն, թե Թուրքիային: Մեծ հաշվով, թերեւս կասկած չկա, որ Բաքուն ինքնին չէր համարձակվի որեւէ խուլիգանության գնալ Ռուսաստանում, առանց ուժեղ հովանու եւ աջակցության: Այդ աջակցությունը կամ Ռուսաստանի իշխող վերնախավից է, կամ Թուրքիայից:

Դեռեւս փետրվարին, երբ ՌԴ-ն ու Թուրքիան բախվել էին Իդլիբում, Էրդողանի խորհրդականը հայտարարեց, թե 25 միլիոն մահմեդականով կքանդեն Ռուսաստանը ներսից: Մեծ հաշվով, այն ինչ ադրբեջանցիների ձեռքով կատարվում է Ռուսաստանում, առնվազն հենց դրա փորձ է՝ Ռուսաստանը ներսից քանդելու փորձ: Չի բացառվում, որ կա Ռուսաստանի ներսից աջակից իշխանական ձեռք: Ստացվում է, որ ՌԴ ճակատագիրը կախված է հայությունից, եթե անցնեն կազմակերպված պատասխանի, ապա դա կարող է փլուզե՞լ Ռուսաստանը: Իսկ եթե չանցնե՞ն, կա՞ մեկը Ռուսաստանում, որ կարող է երաշխավորել, որ այդ դեպքում Ռուսաստանում իսկապես չի կրկնվի ավելի սարսափելի Սումգայիթ: Կա՞ Ռուսաստանում մեկը, որ կարող է կանգնեցնել Էրդողանին առանց նրա հետ առեւտրի: Եվ խոսքն ամենեւին լոկ Ռուսաստանի մասին չէ, այլ այն պատասխանատվության գոտու, որտեղ Ռուսաստանն է անվտանգության երաշխավոր:

Եթե Մոսկվան առնվազն առայժմ չի տիրապետում իր տարածքին, ունա՞կ է տիրապետել այլ ռեգիոնների: Երեւանն ունի դրա պատասխանը՝ ոչ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ են Թուրքիայի զսպման հավելյալ քայլեր ու ձեւաչափեր: Կգտնվեն իհարկե մարդիկ, որոնք Ռուսաստանում, եւ նաեւ Հայաստանում դա կկնքեն հակառուսականություն: Դա թերեւս կլինի լյուստրացիա, թե օրինակ ՌԴ վերնախավային ի՞նչ ձեռքեր կամ թեւեր են աջակցում թուրքական շանտաժին եւ ՌԴ-ն քանդելու Էրդողանի գործողությանը: Մինչդեռ Հայաստանի հավելյալ քայլերն ու ձեւաչափերը ներկայում ոչ պակաս անհրաժեշտություն են դառնում իրական, ոչ թուրքական Ռուսաստանի համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0