Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Թուրքիան փորձում է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային դուրս թողնել արցախյան կարգավորման գործընթացից

Թուրքիան փորձում է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային դուրս թողնել արցախյան կարգավորման գործընթացից

By
Թուրքիան փորձում է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային դուրս թողնել արցախյան կարգավորման գործընթացից

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը.

-Պարոն Գաբրիելյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում չի բացառել հայ-ադրբեջանական վերջին սրացումների ֆոնին լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, որովհետև կան ուժեր և երկրներ, որոնք բորբոքում են այդ հակամարտությունը։ Նա կոնկրետ նշել է Թուրքիայի անունը, քանի որ Թուրքիան, ինչպես և նախորդ դարի սկզբին, ունի երազանք՝ վերահսկել Հարավային Կովկասը։ Իսկապե՞ս Թուրքիան կարող է հիմա հրահրել լայնամասշտաբ գործողություններ։

-Չեմ կարծում, թե Թուրքիան կհրահրի մասշտաբային պատերազմ Հարավային Կովկասում, քանի որ նա դաշնակցային պարտավորություններ ունի Ադրբեջանի հետ, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի հետ։ Ստացվում է, որ մասշտաբային պատերազմի դեպքում Թուրքիան ու Ռուսաստանը պետք է ներքաշվեն ռազմական այդ կոնֆլիկտի մեջ։

Չմոռանանք նաև, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և դա իհարկե լուրջ զսպաշապիկ է նման դեպքերի համար։ ԱՄՆ-ի դիրքորոշումը նույնպես չափազանց կարևոր է։ Եվ նաև կա Ադրբեջանից Վրաստանի տարածքով Թուրքիա ձգվող հայտնի ենթակառուցվածքների (ԲԹՋ, ԲԹԷ, ԲԹԿ) գործոնը, որոնք իսկապես կարող են վնասվել մասշտաբային պատերազմի դեպքում։ Եկեք հասկանանք, որ Թուրքիան չի կարող պարզապես, հենց այնպես հարձակվել Հայաստանի վրա և որևէ կերպ աշխարհին չփորձել բացատրել իր այդ քայլը, թե ինչ հիմնավորմամբ, իրավական հենքով կամ անգամ ճշմարտանման պատրվակով է արել դա։ Որոշակի պլանում այդպիսի հիմնավորում կարող էր ծառայել Տավուշյան թեժացումը, որի ժամանակ Թուրքիան Հայաստանին քանիցս մեղադրեց «Ադրբեջանի դեմ ագրեսիա իրականացնելու» համար։

Արդյունքում, իմ դիտարկմամբ, տուժեց հենց Թուրքիայի հեղինակությունը, քանի որ այդ երկիրը դեռևս 2010թ․ ռազմական փոխօգնության մասին պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, որի երկրորդ հոդվածի համաձայն, Թուրքիան պարտավորվում է իր բոլոր հնարավորությունների սահմաններում օգնել «երրորդ երկրի կողմից ագրեսիայի կամ զինված հարձակման ենթարկված երկրին»՝ Ադրբեջանին։

Ավելի հակված եմ նրան, որ Թուրքիան պարզապես ցանկանում է էապես մեծացնել սեփական դերակատարությունը Հարավային Կովկասին և մասնավորապես Արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցերում։ Թուրքիան ցանկանում է Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացից եթե ոչ դուրս թողնել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահողներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, ապա իր քայլերով բավական նվազեցնել այն՝ փորձելով Ռուսաստանի, միգուցե նաև Իրանի հետ ստեղծել Աստանայի ձևաչափի նման մի ձևաչափ։

Բնականաբար, այդ դեպքում Թուրքիայի մասնակցությունը և դերակատարությունը կլինի շոշափելի, մինչդեռ այս դեպքում Թուրքիան մեծ հաշվով «խաղից» դուրս է մղված՝ չնայած նրան, որ նա ԵԱՀԿ ՄԽ-ի անդամ է։ Թուրքիան ձգտում է ավելի մեծ դերակատարություն ստանձնել Հարավային Կովկասին առնչվող հարցերում և քաջ գիտակցելով, որ այն հետխորհրդային տիրույթ է (ռուսական տեսանկյունից) և հետևաբար բավական զգայուն հարց է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար, ուստի փորձում է վերջինիս հետ լեզու գտնել, հրավիրել տարատեսակ գործարքների՝ սեփական դերակատարությունը մեծացնելու և ԱՄՆ-ին ու Ֆրանսիային «անկյուն մղելու» համար։ Ռուսաստանն ու Թուրքիան, նաև Իրանը համակարծիք են այն հարցում, որ «տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների (տարածաշրջանային գերտերությունների) կողմից, որ արտատարածաշրջանային երկրները (ԱՄՆ) չպետք է դերակատարում ունենան այդ հարցերում»։

-Կայացել է Էրդողան–Պուտին հեռախոսազրույց սահմանային լարվածության վերաբերյալ։ Պուտինը կարևորել է թույլ չտալ այնպիսի քայլեր, որոնք կլարեն իրավիճակը: Ինչպե՞ս եք գնահատում և ի՞նչ է սա նշանակում։

-Արդեն նշեցի, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան ցանկություն և անհրաժեշտություն չունեն միմյանց դեմ ուղիղ պատերազմելու Հարավային Կովկասում։ Ինչպես, որ նրանք լեզու են գտնում Սիրիայի, Լիբիայի և այլ հարցերում, նույն կերպ էլ կարող են անել Հարավային Կովկասի պարագայում։ Սակայն այստեղ խնդիրը ավելի բարդ է լինելու՝ կապված Ռուսաստանի համար թեմայի ավելի զգայուն լինելու հետ։

Պուտինի խոսքերը, տրամաբանության համաձայն, պետք է դիտարկենք որպես Թուրքիային զգուշացում, ամեն դեպքում հեռախոսազրույցը, ինչպես հաղորդվում է, տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Դրա համար էլ տրամաբանական չի լինի ասել, որ Պուտինին մտահոգել են Թուրքիայի գործողությունները Հարավային Կովկասում, և նա որոշել է հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ և քննարկել նման հարցեր։

Ընդհակառակը, Էրդողանը կարիք ունի նրա հետ հարցեր քննարկելու, և Թուրքիայի նախագահը փորձում է իր սիրիական, հիմա նաև լիբիական մարտավարությունը կիրառել նաև Հարավային Կովկասում։ Նկատի ունեմ այն, որ տարածաշրջանային հակամարտությունների (Սիրիա, Լիբիա, Ուկրաինա, Հարավային Կովկաս) պարագայում Ռուսաստանն ու Թուրքիան կամա, թե ակամա դիրքավորվում են այնպես, որ հայտնվում են հակադիր բևեռներում, հակադիր ճամբարներում, և թվում է, թե դա պետք է խնդիրներ առաջացնի նրանց համար։ Բայց Պուտին-Էրդողան անձնական սերտ հարաբերությունները հնարավորություն են տալիս այդ թվացյալ թերությունը վերածել առավելության, քանի որ ստացվում է, որ այդպիսով Ռուսաստանն ու Թուրքիան ձեռք են բերում մեծ ազդեցություն հակամարտող կողմերից յուրաքանչյուրի վրա։

Արդյունքում այդ երկրները կարողանում են առաջ տանել սեփական «խաղը»՝ ճնշումներ բանեցնելով հակամարտող կողմերից յուրաքանչյուրի վրա, որոնք ժամանակի ընթացքում սկսում են մեծապես պարտական մնալ իրենց կործանումից փրկած Ռուսաստանին (Բաշար Ասադ, Սիրիա) ու Թուրքիային (Ֆայեզ Սարաջ, Լիբիա)։ Այնպես որ Հարավային Կովկասում Էրդողանը պատրաստ է խաղալ երկրորդ համարի տակ՝ առաջին համարը զիջելով Պուտինին և այդպիսով Կովկասյան տարածաշրջանում խոշոր դերակատարների թվում Իրանին թողնել երրորդ հորիզոնականում։

-Պարոն Գաբրիելյան, մեկնարկում են թուրք–ադրբեջանական զորավարժությունները Նախիջևանի տարածքում։ Արդյոք չպե՞տք է լինի պաշտոնական գնահատական այս ամենին, քանի որ տավուշյան էսկալացիայից հետո առաջին անգամ է զորավարժություն այդտեղ անցկացվում։

-Այն, որ դաշնակցային (և անգամ գործընկեր) երկրները համատեղ զորավարժություններ են անցկացնում ժամանակ առ ժամանակ և միմյանց տարածքներում, որևէ արտասովոր բան չկա դրանում, դա տարածված երևույթ է աշխարհում։ Չեմ կարծում, թե պաշտոնական գնահատական է անհրաժեշտ Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացնելու թեմայով, եթե դրանք ընթանան առանց սահմանային որևէ միջադեպի/սադրանքի, Հայաստանի հասցեին ուղղված սուր հայտարարությունների։

Սա աննախադեպ չէ, երբ Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություն են անցկացնում հենց Նախիջևանում․ 2019թ․ հունիսի 7-11-ը Նախիջևանում անցկացվեց «Անդրդվելի եղբայրություն–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը, որին մասնակցում էր մոտ 5000 զինծառայող։

Այո՛, 2020թ․ զորավարժությունը տեղի կունենա Տավուշյան թեժացումից հետո, և եթե անգամ մենք չհավատանք թուրք-ադրբեջանական երկյակի այն հայտարարությունը, որ այս զորավարժությունը պլանային է, որ այն ծրագրված է եղել վաղուց, ապա վերստին մեծ խնդիր չեմ տեսնում դրանում։ Մենք, իհարկե, պետք է բավական զգոն լինենք, շարունակ հետևենք թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքին, ուղղություններին, շեշտադրումներին, անենք համապատասխան եզրակացություններ և այլն, բայցևայնպես Տավուշյան թեժացումը կարող է որոշակի գործոն լինել այստեղ։

Բանն այն է, որ այդ թեժացման հետևանքով ադրբեջանական կողմը կրեց դիրքային (տարածքային), տեխնիկական, նյութական կորուստներ, բավականին սասանվեց Ադրբեջանի, ադրբեջանական բանակի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական իմիջը, վարկանիշը, հեղինակությունը։

Հայտնի է, որ Իլհամ Ալիևը տարիներ շարունակ հպարտացել է իր իսկ բանակով, սպառազինություններ գնելով, ադրբեջանական բանակը դասել է «աշխարհի 50 լավագույն բանակների» թվին, և ահա նա ստացավ հուժկու հարված։ Իլհամ Ալիևը հիմա ունի դեմքը փրկելու խնդիր, և այս զորավարժությունների անցկացումը թուրք-ադրբեջանական կողմի հաշվարկներով «պետք է նպաստի դրան»։

Ասենք, թուրքական մամուլը գրել էր, որ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունների նպատակն է ահաբեկել Հայաստանին», և սա ես տեղավորում եմ Ադրբեջանին հանդարտեցնելու, նրան ներշնչելու, որ նա «հիրավի շատ ուժեղ է», որ «Հայաստանն իսկապես ահաբեկված է» և նման դատարկաբանությունների համատեքստում։

Չեմ բացառում, որ արտերկրում հայ-ադրբեջանական բախումներ, ծեծկռտուքներ հրահրելով՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են սեփական հանրության ուշադրությունը շեղել տավուշյան թեժացման (իրենց համար) խիստ անցանկալի հետևանքներից, և հակամարտությունը տեղափոխել արտասահմանաբնակ հայերի ու ադրբեջանցիների միջև պայքարի ոլորտ, ուր երևի թե մի փոքր առավել են գնահատում հաջողության հասնելու սեփական հնարավորությունները, քան եթե Ադրբեջանը փորձի ռազմական ուղիղ բախման մեջ մտնել ՀՀ-ի հետ։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0