Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայ-իրանական ուշագրավ քննարկում. Իսրայելը պետք է խորհի

Հայ-իրանական ուշագրավ քննարկում. Իսրայելը պետք է խորհի

By
Հայ-իրանական ուշագրավ քննարկում. Իսրայելը պետք է խորհի

Հուլիսի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությանդ դեսպանին, որի հետ քննարկել են թե՛ երկկողմ գործակցության, թե՛ ռազմա-քաղաքական ռեգիոնալ նշանակության հարցեր: Իրանի դեսպանի այցը Հայաստանի ՊՆ այն այցերի շարքում էր, որ տեղի ունեցան հուլիսյան տավուշյան մարտերից և հայկական ուժերի հաջող, հաղթական գործողություններից հետո:

Հայաստանի պաշտպանության նախարարի, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումներ ունեցան Հայաստանում ՌԴ դեսպանը, ԱՄՆ դեսպանը, Ֆրանսիայի դեսպանը: Այդ ամենն անշուշտ վկայում է այն մասշտաբի մասին, որ հասել է Հայաստանը ռազմա-քաղաքական իմաստով՝ տավուշյան գործողությունների էֆեկտի առումով: Իրանի դեսպանի այցը, սակայն, իր վրա է բևեռում ուշադրություն դրա մասին հաղորդագրության բավականին հետաքրքիր մի ձևակերպման շնորհիվ, որ մնացել է ուշադրությունից դուրս: Իրանի դեսպանի հետ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարարն ու դեսպանը անդրադարձել են ոչ միայն թուրք-ադրբեջանական զորավարժությանը՝ որպես ռեգիոնալ կայունության սպառնալիք, այլ նաև անդրադարձ է կատարվել ՀՀ հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին տեղի ունեցած գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ արդիական ԱԹՍ-ների կիրառման փաստին և դրանց դեմ պայքարի արդյունավետությանը: Խիստ ուշագրավ և ռազմա-քաղաքական նուրբ տողատակեր պարունակող ձևակերպում, եթե նկատի ունենանք և այն, որ ԱԹՍ-ների դեմ պայքարի արդյունավետությունը վերաբերում էր ոչ միայն ադրբեջանական զինանոցին, այլ դրանում իսրայելական արտադրանքին, ինչը էական հետաքրքրության առարկա կարող է լինել Իրանի համար:

Երևանն, անշուշտ, ամենևին պատահական չէ, որ տարածել է տեղեկությունը հաղորդագրության տեքստում: Բանն այն է, որ հարցն այստեղ լոկ ռեգիոնալ կայունության հարցում հայ-իրանական շահագրգռությունը չէ, ու նաև ընդհանուր համատեքստում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի նկատմամբ Իրանի զգայունությունը, ինչի առումով հայկական կողմի տեղեկությունը կարող է նշանակալի գործոն լինել Իրանի համար: Ակնառու է, որ հայկական կողմի բաց տեքստը ուղղակի ազդակ է Իսրայելին, որ պետք է դադարեցնել Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական հարաբերությունն ու մահաբեր սպառազինության մատակարարումը Բաքու, և դա բխում է փոխադարձ շահերից:

Հակառակ պարագայում, Հայաստանն իր անվտանգության ապահովմանն ու բարձրացմանն ուղղված քայլերում, թերևս, պատասխանատու չէ Իսրայելի համար մտահոգիչ հանգամանքների համար, եթե Թել Ավիվն իր հերթին որևէ պատասխանատվություն չի ուզում ստանձնել հայկական անվտանգության ուղղությամբ, առավել ևս քաղաքացիական բնակչության: Հայկական կողմի ՊՆ-ից եկած ազդակը հատկանշական է ԱԳՆ մակարդակում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ իսրայելական հեղինակավոր «Ջերուսալեմ պոստին» տված հարցազրույցի ֆոնին, որտեղ նախարար Մնացականյանը ուղիղ տեքստով նշել էր, որ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Ադրբեջանին մահաբեր սպառազինության վաճառքը, քանի որ Բաքուն անվարան կերպով դրանով թիրախավորում է խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտները:

Հեղինակ՝ Արամ Ամատունի

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0