Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Քոչարյանի օրոք օլիգարխները բաժանել էին Հայաստանն իրար մեջ. նա այլևս անելիք չունի

Քոչարյանի օրոք օլիգարխները բաժանել էին Հայաստանն իրար մեջ. նա այլևս անելիք չունի

By
Քոչարյանի օրոք օլիգարխները բաժանել էին Հայաստանն իրար մեջ. նա այլևս անելիք չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը:

Պարոն Խաչատրյան, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել և խոսել տարբեր խնդիրների մասին, այդ թվում՝ ընդդիմության համախմբման, իշխանափոխության և այլնի մասին: Նա մասնավորապես նշել է, որ շատ իրական է Հայաստանում իշխանափոխություն անելը, որովհետև իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողել է: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները:

Ես՝ որպես Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչ, անձամբ շատ բացասաբար եմ վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարություններին: Ես կարծում եմ, որ մարդիկ, որոնք երկու անգամ արդեն եղել են իշխանության, անելիք չունեն նորից իշխանության գալու առումով: Նրանք արդեն իրենց ցույց են տվել: Երկրորդ՝ իմ աչքի առջև է ռուսաստանցի հայտնի  գործարար ու բարերար Լևոն Մարկոսի օրինակը, որը դեռևս Քոչարյանի իշխանության օրոք շատ մեծ գումարներ է ներդրել Հայաստանում, հավատացել է այդ ժամանակվա իշխանություններին, վաճառել է Մոսկվայում իր շուրջ 30 ավտոլիցքավորման կայանները և այդ գումարները ներդրել Հայաստանում: Իսկ նրան Հայաստանում խաբել են. մենք բոլորս գիտենք «Երևան կրեդիտ բանկի» գործը: Եվ դա Քոչարյանի կառավարման դեմքն է: Այդ ժամանակ իշխանությունները հանդիպել են Լևոն Մարկոսի հետ, խոստումներ տվել: Լևոն Մարկոսի պես գործարարներն այդ ժամանակ մի քանի տասնյակ էին, և ես շատ լավ գիտեմ նրա գործի պատմությունը: Կոնկրետ Լևոն Մարկոսի դեպքում Քոչարյանի օրոք տեղի է ունեցել պետական ռեկետ, և նրա ձեռքից պարզապես խլել են ունեցվածքը:

Նրա՝ քաղաքականություն վերադառնալու հավակնությունները ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք իրականությունից կտրված չե՞ն նրա հաշվարկները։

Քոչարյանի օրոք Հայաստանում ծաղկել են մենաշնորհները, կոռուպցիան, օլիգարխիան, մարդկանցից խլել են բազմաթիվ ձեռնարկություններ, հետևաբար ես շատ բացասաբար եմ վերաբերվում նրա հավակնություններին: Մենք Ռուսաստանից շատ ուշադիր հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Դա չի նշանակում, որ մենք չենք քննադատում այսօրվա իշխանություններին: Այսօրվա իշխանությունը ևս շատ սխալներ է թույլ տալիս, որոնց մասին մենք խոսում ենք: Բայց ես կարող եմ մի բան ասել. շատերը փորձում են Քոչարյանին ներկայացնել որպես ռուս ժողովրդի մեծ բարեկամ, սակայն ես ուզում եմ մեջբերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ռուս ժողովրդի բարեկամը հայ ժողովուրդն է, ոչ թե այս կամ այն անձը:

Բացի դրանից, տարբեր աղբյուրներից կան տեղեկություններ, որ Քոչարյանը միլիարդատեր է, և շատ հետաքրքիր է, թե նա ինչպե՞ս է այդ միլիարդները վաստակել: Նա դա վաստակել է հայ ժողովրդի հաշվին: Քոչարյանի օրոք սկսվել է զանգվածային արտագաղթ, և մեզ համար շատ ցավալի է, որ Հայաստանի պես հարուստ երկրում մարդիկ չէին կարողանում աշխատանք գտնել: Այն օլիգարխիկ համակարգը, որ կայացել է Հայաստանում, նրանց պարզապես ձեռնտու էր, որպեսզի մարդիկ հեռանային երկրից, դրսում փող աշխատեին, ուղարկեին Հայաստան, որովհետև այդ օլիգարխիան բաժանել էր երկրի տնտեսությունն իրար միջև. ինչ-որ մեկն ուներ շաքարի ներկրման մենաշնորհ, մյուսը՝ վառելիքի ներկրման մենաշնորհ, երրորդը՝ այլ ապրանք: Դա մի փակ շրջան էր: Հենց այդպիսին է եղել Քոչարյանի իշխանությունը, և նորից կրկնեմ՝ որտեղի՞ց իրեն այդ միլիարդները: Դա փաստացի նա գողացել է հայ ժողովրդից:

Քոչարյանի օրոք օլիգարխները բաժանել էին Հայաստանն իրար մեջ: Մեկին բաժին էր հասել հանքերը, մյուսին՝ խոշոր ձեռնարկությունները, և այլն: Փաստացի հայտնվել էին խոշոր կապիտալիստներ, որոնց է պատկանում ամբողջ Հայաստանը: Հայաստանում ազատ տեղ չի մնացել, ամբողջը վաճառվել է:

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0